Կվերացվի կալանավորված անձին մերձավոր ազգականի հետ առանց հիմնավոր պատճառաբանության տեսակցությունն արգելելու պրակտիկան

25/05/2018

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկվել է դրվել  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ մշակված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի փաթեթը (հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/926):

Նախագծերի փաթեթի մշակումը մեծապես պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ներկայումս լայնորեն տարածում ստացած այն մոտեցումը բացառելու անհրաժեշտությամբ, երբ քրեական վարույթն իրականացնող մարմինն առանց հիմնավոր պատճառաբանության որոշում է ընդունում կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունն արգելելու մասին:  

Հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ներպետական օրենսդրության կարգավորման թերությունները, միջազգային չափանիշները, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած մոտեցումները և սկզբունքները՝ նախագծերով առաջարկվում են կարգավորումներ, որոնք ուղղված են կալանավորված անձի՝ մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունն արգելելու հստակ մեխանիզմի նախատեսմանը, ազգային օրենսդրության՝ միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովմանը: