Կայացել է քրեակատարողական հիվանդանոցային ծառայությունների բարելավմանը նվիրված քննարկում

30/05/2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» թեմայով աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հիվանդանոցային բուժօգնության բարելավման հայեցակարգային լուծումները: Հանդիպման բացմանը, ողջունելով մասնակիցներին, Սուրեն Քրմոյանը հակիրճ ներկայացրել է քրեակատարողական համակարգում առողջության առաջնային պահպանման ոլորտում Արդարադատության նախարարության կողմից վերջին շրջանում իրականացված բարեփոխումները՝ հավաստելով, որ ավարտին են մոտենում քրեակատարողական հիմնարկներում մատուցվող առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարեփոխումները, որի արդյունքում քրեակատարողական հիմնարկներում մատուցվող ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունները կլինեն նույն ծավալի և որակի, ինչպիսին են քաղաքացիական բուժհաստատություններում: Միևնույն ժամանակ, նախարարի տեղակալ Քրմոյանը հավելել է, որ առաջիկայում լուծում կստանա նաև քրեակատարողական համակարգում առողջապահության մասնագետների համալրման խնդիրը:

Հաջորդիվ, միջազգային փորձագետ Յորգ Փոնթը և տեղական փորձագետներ Իզաբելա Աբգարյանն ու Ռոզա Բաբայանը ներկայացրել են քրեակատարողական համակարգի հիվանդանոցային ծառայությունների արդիականացման արդյունավետ մոդելների առաջարկման նպատակով իրականացված կարիքների գնահատման արդյունքում մշակված զեկույցը և դրա հիման վրա արված եզրակացություններն ու առաջարկությունները:

Այնուհետ, հաջորդել է հարցուպատասխան ձևաչափով քննարկում հանդիպման մասնակիցների միջև: