Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցության լայն շրջանակ
01/06/2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին:
Նախարարը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին Հայաստանին մշտապես ցուցաբերած աջակցության համար:
Դեսպան Միլսը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նշանակման առիթով և ընդգծել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն հարցերում, որոնք կբարելավեն Հայաստանի գործարար միջավայրը և երկիրն առավել գրավիչ կդարձնեն ամերիկյան ներդրողների համար: «Մենք ողջունում ենք Ձեր նշանակումը և ակնկալում ենք բեղմնավոր համագործակցություն»,- ասել է ԱՄՆ դեսպանը և հետաքրքրվել Արդարադատության նախարարության առաջնահերթություններով:
Այդ համատեքստում նախարար Զեյնալյանն առանձնացրել է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվելիք բարեփոխումները, օրենքների, իրավական ակտերի ընդունման գործընթացում հասարակության մասնակցության ակտիվացմանն ու ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև Կառավարության հաշվետվողականության բարձրացման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կարևորությանը՝ արդարադատության նախարարը նշել է, որ Կառավարության նպատակը երկրում օրենսդիր և գործադիր իշխանությունների ձևավորման ժողովրդավարական սկզբունքների հաստատումն է: «Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստնությանը և ցանկանում, որ, այսուհետ, հասարակությունն ունենա հավատ ընտրական գործընթացների և արդյունքների նկատմամբ»,- ընդգծել է Արտակ Զեյնալյանը:
Հանդիպման ավարտին նախարարը վստահեցրել է, որ Կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը շատ մեծ է: