Արդարադատության նախարարն ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

06/06/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննե Քեմփային և GIZ «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանին:  

Ողջունելով հյուրերին՝ արդարադատության նախարարը բարձր է գնահատել Հայաստանում ընկերության գործունեությունը և ընդգծել, որ GIZ-ի արհեստավարժ աշխատակազմի մասնակցությամբ մշակվել և կյանքի են կոչվել բազմաթիվ իրավական ակտեր, օրինակ, վարչական իրավունքի օրենսդրությունը, որը, Արտակ Զեյնալյանի գնահատմամբ, ՀՀ-ում լավագույններից է:

GIZ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար և վստահեցրել, որ ընկերության աջակցությունը ՀՀ արդարադատության համակարգին շարունակվելու է:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2018-2023 թվականների Իրավական և դատական բարեփոխումների ռազմավարությանը, նոտարական ոլորտի, հանրագրերի և վարչական պատասխանատվության ինստիտուտների բարելավմանը: Վերջինի առումով նախարարն ընդգծել է, որ վարչական պատասխանատվության ինստիտուտը պետք է այնպես վերափոխել, որ  պետությունը արդյունավետ կառավարման հասնելու համար կարողանա հավասարակշռել իր հնարավորությունները հետապնդվող նպատակին հասնելու հետ: «Մեր ցանկությունն է պատասխանատվության այնպիսի միջոցներ սահմանել, որոնք կծառայեն իրենց նպատակին և կունենան կանխարգելիչ բնույթ»,- ասել է Արտակ Զեյնալյանը: