Կայացել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգող խորհրդի վեցերորդ հանդիպումը

06/06/2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վյուի և Եվրոպայի խորհրդի քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի ղեկավար Տանյա Ռակուշիչ-Հաջիչի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգող խորհրդի վեցերորդ հանդիպումը:

Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Քրմոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը՝ կատարված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա անելիքները նախանշելու տեսանկյունից:

Քննարկման ընթացքում Սուրեն Քրմոյանն անդրադարձել է ծրագրի շրջանակում կատարված բարեփոխումներին և այդ համատեքստում ընդգծել, որ հուլիսի 1-ից կգործարկվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչը որակական նոր չափանիշներ կսահմանի բանտային առողջապահության ոլորտում:

Լորետա Վյուն բարձր է գնահատել 11 քրեակատարողական հիմնարկների բուժմասերի աշխատակիցների կարողությունների զարգացման գործընթացում Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և իր ուրախությունն է հայտնել նոր «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս աջակցել կենտրոնի կայացմանը:

Տանյա Ռակուշիչ-Հաջիչն, անդրադառնալով տեխնիկական միջոցների առկայության անհրաժեշտությանը, զուգահեռաբար կարևորել է նաև լավ պատրաստված կադրերի առկայությունը բանտային առողջապահության համակարգում:

Այնուհետև, ծրագրի ղեկավար Արման Պողոսյանը հանդիպման մասնակիցներին 6 ամսյա ժամանակահատվածներով ներկայացրել է ծրագրի շրջանակում կատարված և առաջիկայում կատարման ենթակա աշխատանքների ընթացքը:

Աշխատանքային քննարկման ավարտին, ի թիվս մի շարք հարցերի, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև հաջորդ հանդիպման վերաբերյալ: