Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը
11/06/2018
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի նախագահությամբ հունիսի 8-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում նախարարի տեղակալը խորհրդի անդամներին ներկայացրել է արդարադատության նախարարի կողմից հաստատված խորհրդի նոր աշխատակարգը, ըստ որի՝ խորհուրդն իշխանական գործառույթներով չօժտված խորհրդակցական մարմին է, որը ձևավորվելու է պետական, միջազգային, հասարակական և գործարար ոլորտի առավելագույնը 30 ներկայացուցիչներից: Խորհրդի նիստերն անցկացվելու են առնվազն 3 ամիսը մեկ անգամ անդամների մեկ երրորդի պարտադիր ներկայությամբ, խորհրդի օրակարգը ձևավորվելու է անդամների ներկայացրած առաջարկների հիման վրա, որոնք ընդունվելու են բաց քվեարկությամբ և հատուկ կարծիք ներկայացնելու հնարավորությամբ, իսկ փաստաթղթաշրջանառությունն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով:
Սուրեն Քրմոյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Խորհուրդն ակտիվորեն սկսելու է համագործակցել Վիճակագրական կոմիտեի հետ, որպեսզի Խորհրդի կողմից առաջարկվող երեխաների լավագույն շահին միտված բարեփոխումներն այսուհետ ունենան նաև կայուն վերլուծական հիմք: Փոխնախարար Քրմոյանը տեղեկացրել է նաև, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի Անչափահասների արդարադատության խորհրդի էլեկտրոնային կայքը՝ այդպիսով նպատակ ունենալով համակարգել, ամբողջացնել և մեկ տեղում զետեղել երեխայի լավագույն շահին միտված բոլոր աշխատանքները:
Այնուհետև, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը մասնակիցներին ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության 2019 թվականի տարեկան ծրագրի անչափահասների արդարադատության մատչելիությանն առնչվող միջոցառումների կազմման գործնական աշխատանքները: Հաջորդիվ, ներկայացվել է նաև Քրեական օրենսգրքի փոփոխությունները՝ երեխաների իրավունքների պաշտպանության գործում ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխանության համատեքստում, որին էլ հաջորդել է մասնակիցների միջև հարցուպատասխանը և առաջարկների ներկայացումը: