Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

11/06/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանը և Սուրեն Քրմոյանը, ԵՄ հայաստանյան պատվիրակության համագործակցության դեպարտամենտի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, այլք: 

Նախարարը ողջունել է ԵՄ գործընկերներին և ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել նրանց Հայաստանին, մասնավորապես, արդարադատության ոլորտին ցուցաբերած աջակցության համար: Նախարարը վստահեցրել է, որ նոր Կառավարությունը վճռական է կարճ ժամանակում կյանքի կոչելու ժողովրդի սպասումները, այնուհետև ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:

Դեսպան Սվիտալսկին հաստատել է Հայաստանի հետ համագործակցելու Եվրամիության պատրաստակամությունը և նշել, որ ցանկանում են համապատասխանեցնել ԵՄ-Հայաստան մեկնարկած գործողությունները նոր Կառավարության ակնկալիքներին: Դեսպանը վստահեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանում նոր և հավակնոտ ծրագրեր իրակացնելուն:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը առանցքային է համարել արդարադատությունն ու օրենքի գերակայությունը հատկապես տնտեսության զարգացման, արտաքին ներդրողներ ներգրավելու համատեքստում և կարևորել արդարադատության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված գործողությունները: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին, քրեակատարողական համակարգի բարելավման և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներին, ինչպես նաև քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: