Նախարար Զեյնալյանը կարևորել է Պետական ռեգիստրի գործակալությունում կոռուպցիոն ռիսկերը բացառելուն ուղղված աշխատանքները
27/06/2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 26-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և ծանոթացել գործակալության աշխատակիցների հետ:
Փոխնախարար Սուրեն Քրմոյանը և Գործակալության պետ Գարուշ Դավթյանը նախարար Զեյնալյանին ներկայացրել են ամենօրյա աշխատանքին առնչվող խնդիրները, խոսել հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերից: Դրանք հիմնականում վերաբերել են ոլորտում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությանը, շենքային պայմանների բարելավմանն ու տեխնիկական հագեցվածության անհրաժեշտությանը:
Նախարարը մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ և կարևորել պետության կողմից մատուցվող ծառայությունները կատարելագործելուն, դրանք քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելուն, ինչպես նաև քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից զերծ պահելուն և կոռուպցիոն ռիսկերը բացառելուն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը: