Արդարադատության նախարարը նոտարների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու հանձնարարական է տվել
28/06/2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր այցելել է Նոտարական պալատ, հանդիպել Պալատի նախագահ Վանինե Հովսեփյանին, վարչության անդամներին և աշխատակազմի ղեկավարին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նախարար Զեյնալյանը նշել է, որ ժողովրդի սպասելիքները ՀՀ կառավարությունից, ինչպես նաև արդարադատություն իրականացնող մարմիններից մեծ է: «Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող նոտարն իր բարեխիղճ աշխատանքի միջոցով պետք է պահպանի Հայաստանի ներկայիս բարձր վարկանիշը»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անելու է առավելագույնը նոտարական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և քաղաքացիների համար ավելի բարձրորակ ծառայություններ ապահովելու հարցում: Արտակ Զեյնալյանը նոտարական պալատի նախագահից և վարչության անդամներից հետաքրքրվել է ոլորտի խնդիրներով, իր կողմից բարձրացրել լուծման ենթակա մի շարք հարցեր՝ որոշ բնակավայրերում նոտարի կողմից մատուցվող ծառայությունների ապահովում, դատարանները բեռնաթափելու նպատակով մի շարք գործառույթներ նոտարներին պատվիրակելու անհրաժեշտություն և այլն:
Պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար և նշել, որ չնայած վերջին տարիների ընթացքում «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ, ոլորտը բարելավելու անհրաժեշտություն կա: Պալատի նախագահը հատկապես կարևորել է նոտարների կողմից միասնական պրակտիկայի ձևավորման անհրաժեշտությունն ու միասնական արխիվի ստեղծման հարցը:
Նախարար Զեյնալյանը բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ, քննարկել որոշ հարցերի լուծման հնարավորությունները:
Աշխատանքային այցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև նոտարի 9 թեկնածուների հետ, քննարկել երեք մարզերում (Լոռու մարզ՝ քաղաք Թումանյան, Սյունիքի մարզ՝ քաղաք Քաջարան, Շիրակի մարզ՝ Ախուրյան համայնք) առկա նոտարի թափուր հաստիքները նրանց կողմից համալրելու հարցը: Թեկնածուներին առաջարկվել է առաջիկայում դիրքորոշում հայտնել այդ տեղերը համալրելու վերաբերյալ: Նրանց տեղեկացվել է նաև, որ մեկ տեղի համար երկուսից ավելի հայտ ստանալու դեպքում հաստիքը կհամալրվի վիճակահանության միջոցով:
Նոտարական պալատում հանդիպումն ավարտելուց հետո նախարարն այցելել է նաև ՀՀ ԱՆ ՔԿԱԳ ամուսնությունների պալատ և որպես վկա մասնակցել այնտեղ ժամանած զույգի ամուսնության գրանցման պաշտոնական արարողությանը: