Նախարար Զեյնալյանն աշխատանքային այցով Ավստրիայում է
13/07/2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 12-ից 13-ը Ավստրիայի Հանրապետությունում (Ինսբրուկ) մասնակցել է ԵՄ և Արևելյան գործընկերության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այն կազմակերպվել էր Ավստրիայի նախագահության շրջանակում, որի նպատակն էր քննարկել ԱլԳ երկրներում իրավունքի գերակայության ամրապնդմանը, դատական իշխանությունում կոռուպցիայի դեմ պայքարի առավել արդյունավետ մեխանիզմներին առնչվող հարցեր:
ԵՄ և Արևելյան գործընկերության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵՄ արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի, Ավստրիայի Հանրապետության արդարադատության նախարար Յոզեֆ Մոսերի, ինչպես նաև Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ղեկավար Մարտին Կրոետների հետ:
ԵՄ հանձնակատարի հետ կայացած հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է 2018թ. Մայիսին ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո նոր ձևավորված կառավարության առաջնահերթությունները՝ անդրադարձ կատարելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տարվող աշխատանքներին, ընտրական օրենսգրքի բարեփոխումների անհրաժեշտությանը: Կողմերը քննարկել են նաև արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված Եվրոպական միության հետագա աջակցության հնարավորությունները: Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ԵՄ արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Յուրովային հրավիրել է Հայաստան:
Ավստրիայի Հանրապետության արդարադատության նախարար Յոզեֆ Մոսերի և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ղեկավար Մարտին Կրոետների հետ կայացած աշխատանքային հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ձևաչափերի ընդլայնմանն ու խորացմանը: