Արտակ Զեյնալյանն ԱՄՆ-ում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը

30/07/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 25-27-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն կատարած այցի ընթացքում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական անդրանիկ հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի կողմից կազմակերպված հանդիպմանը ներկա են եղել շուրջ 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Հուլիսի 27-ի լիագումար նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը,  մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի նոր կառավարության տեսլականին` «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության ոչնչացման և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավունքների ոտնահարման հարցերի վերաբերյալ:

Նախարար Զեյնալյանը անդրադարձել է նաև այս տարվա ապրիլ մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությանն ու նշել, որ  դրա արդյունքում ստեղծված նոր Հայաստանում հանդուրժողականությունն ամենակարևոր արժեքն է: Նախարարի խոսքով, Հայաստանի Հանրապետությունը 27 տարվա անկախ պետականության պատմություն ունի դեռ, սակայն պետք է ասել, որ ՀՀ-ում որևէ ռադիկալ վերաբերմունք չկա կրոնական տարբեր ուղղությունների նկատմամբ. դրա մասին են վկայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների և հատկապես՝ ԱՄՆ ՊԵտքարտուղարության Հայաստանի վերաբերյալ զեկույցները: Ելույթի ավարտին նախարար Զեյնալյանը հավաստիացրել է, որ Հայաստանի նոր  Կառավարությունն անելու է առավելագույնը՝ Հայաստանում ապրող յուրաքանչյուր անձի իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու, ապահովելու և պաշտպանելու համար:

Վաշինգտոնում գումարված Կրոնական ազատությունների պաշտպանության հարցերով նախարարական հանդիպմանը անդրադարձ է կատարվել մի շարք կարևորագույն այլ խնդիրների, արվել են համատեղ հայտարարություններ:

ԱՄՆ կատարած այցի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի, Արդարադատության դեպարտամենտի, Ժողովրդավարության և մարդու իրավունքների դեպարտամենտի, Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր: