Նախարար Զեյնալյանն ամփոփել է նախարարության վերջին 100 օրվա աշխատանքները

21/08/2018

                                                           

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՈԼՈՐՏ


2018 թվականի հուլիսի 26-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքը: Վարույթները կարճվում են ըստ հերթականության` 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հետհաշվարկով մինչև 2012թ հունվարի 1-ը: Վարչական ակտերի համաներման արդյունքում 120 հազար  պարտապանների վերաբերյալ կարճման ենթակա 1 մլն 470 հազար կատարողական վարույթներից 20.08.2018թ. դրությամբ կարճվել են մոտ 86 հազար պարտապանների վերաբերյալ 281 հազար 685 կատարողական վարույթներ: Գործընթացի գերակշիռ մասը կավարտվի օրենքի ուժի մեջ մտնելուց 3 ամսվա ընթացքում:

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ

  • Քրեական ենթամշակույթի բացառմանն ուղղված աշխատանքներ
  • Ունեցած ազդակների համաձայն, վերացել են բանտախցի և մահճակալի համար գումարների գանձումը, առանց բացառության խուզարկվում են անազատության մեջ պահվող բոլոր անձանց խցերը՝ անթույլատրելի իրերի հայտնաբերման նպատակով:
  • Կբացառվի նախաքննության գաղտնիքի հիմնավորմամբ  քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան:
  • Երևանի 4 բժշկական կենտրոններ կունենան կալանավորների համար նախատեսված հատուկ բաժանմունքներ:
  • Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, որը տարիներ շարունակ չի կիրառվել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, կսկսի իրապես իրառվել:
  • Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող դատապարտյալների համար տեսակցության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու նպատակով կարճատև տեսակցության փոխարեն, ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն կընձեռնվի:

 

ՆԵՐՄԱՆ ՈԼՈՐՏ

- «Ներման մասին» ՀՀ նոր օրենքի հիման վրա այս տարվա ապրիլի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել 159 ներման խնդրագիր, ինչի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել 114 անձնական գործ՝  ներման խնդրագրերի հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

 

  • Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների վերջին գնահատումները փաստում են, որ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում: 2018 թվականի հուլիսին Փարիզում հաստատված Հայաստանի վերաբերյալ հակակոռուպցիոն զեկույցով արձանագրվել է, որ Հայաստանին ներկայացված և այս փուլում գնահատվող 21 հանձնարարականները կատարվել են:
  • «Ազդարարման համակարգի մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը կստեղծվի մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:

 

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ և ԱՅԼ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

  • Նախարարի հանձնարարությամբ իրականացվել է մոնիթորինգ՝ բացահայտելու համար Սահմանադրական դատարանի այն որոշումները, որոնք չեն կատարվել և նշված որոշումների հիման վրա նախապատրաստվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Նպատակը՝ Սահմանադրական դատարանի չկատարված որոշումների բացառումն է:  

 

ԹՂԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՈՒՄԸ և «ԽԵԼԱՑԻ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

  • Նախարարի հանձնարարությամբ՝ կարճ ժամանակում ձեռնարկված աշխատանքների արդյունքում հնարավոր դարձավ ևս մեկ հարթակի միջոցով հասանելի դարձնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների հայերեն տարբերակները: Այսուհետ դրանց հնարավոր է ծանոթանալ նաև ՀՀ իրավական տեղեկատվական համակարգի՝ www.arils.am կայքում:
  • ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել և գործարկվել է էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքը, որի օգնությամբ քաղաքացիները կարող են իրենց հարցումները, դիմումներն ու բողոքները էլեկտրոնային եղանակով ներկայացնել տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ: 
  • Ներդրվում է լիցենզիաների էլեկտրոնային միասնական www.e-license.am  գրանցամատյանը:
  • Աշխատանքներ են իրականացվում ՀՀ արդարադատության նախարարության e-notary և ՀՀ կենտրոնական բանկի էլեկտրոնային համակարգի միջև էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից վավերացվող էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերի առցանց եղանակով փախանցումը ապահովելու նպատակով:
  • Ընդլայնվել են e-notary էլեկտրոնային համակարգի գործառույթները, էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ համակցման աշխատանքներ են իրականացվել, ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի, ՀՀ ոստիկանության էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: Համակարգի արդիականացման արդյունքում ընդլայնվել են այն նոտարական գործողությունների շրջանակը, որոնք մատուցվում են առցանց եղանակով, զարգացել է առցանց հերթագրման համակարգը, ստեղծվել է նաև առցանց եղանակով նոտարին որոշակի հարցումներ ուղարկելու  հնարավորություն:
  • Ակտիվ աշխատանքներ են տարվում դատարանների միասնական էլեկտրոնային e-court համակարգի ներդնման ուղղությամբ:  Մասնավորապես՝ e-court  համակարգի ներդնման աշխատանքների արդյունքում արդեն իսկ ստեղծվել են՝ փաստաբանների ռեեստրի վարման ենթահամակարգը, նիստերի նշանակման  խելացի ենթահամակարգը, խելացի դատական ակտերի խմբագրիչը, էլեկտրոնային հայցադիմումի կառուցման ենթահամակարգը, մակագրության, վարույթ ընդունելու, փաստաբան նշանակելու և մի շարք այլ գործողությունների կառավարման մոդուլները:
  • ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ներդրվել է դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգ, որն ապահովում է գործին մասնակցող անձանց կողմից փաստաթղթերի` դատարան ներկայացման գործընթացի առավել դյուրին և արդյունավետ մեխանիզմ: Վերջինիս հիման վրա գործարկվել է դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև օրենքով սահմանված փաստաթղթերը  էլեկտրոնային եղանակով փոխանցելու համակարգը:
  • ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և փորձնական կիրարկման փուլում է գտնվում ՀՀ պետական մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում ստուգել պետական մարմինների կողմից տրամադրված փաստաթղթերի վավերականությունը: Համակարգի գործարկումը նպատակ ունի բարելավել պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետությունն ու թափանցիկությունը՝ խնայելով ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների ժամանակն ու ֆինանսական միջոցները:

    Ամբողջական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ: