Սուրեն Քրմոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Ամրապնդել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետության հեղինակությունն ապահովելու համար. միավորված կոռուպցիայի դեմ» խորագրով համաժողովին
19/10/2018
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 15-16-ին մասնակցել է Խորվաթիայի արդարադատության նախարարության և Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հետ համատեղ կազմակերպած «Ամրապնդել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետության հեղինակությունն ապահովելու համար. միավորված կոռուպցիայի դեմ» խորագիրը կրող բարձրաստիճան համաժողովին:
Համաժողովի ընթացքում փոխնախարար Քրմոյանը հանդես է եկել ելույթով, որում ի թիվս մի շարք հարցերի անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողություններին՝ նշելով, որ զգալի առաջընթաց ապահովելը հնարավոր է դարձել համապատասխան օրենդրական բարեփոխումների, այն է՝ ապօրինի հարստացման քրեականացման, շահերի բախման հայտարարագրման ինստիտուտի ներդրման, ինչպես նաև պետական կառավարման համակարգում մի շարք էլեկրոնային գործիքակազմերի ներդրման արդյունքում: Սուրեն Քրմոյանն ընդգծել է նաև, որ գարնանը Հայաստանում սկիզբ առած քաղաքական նոր իրողությունները մեկտեղել են կոռուպցիայի դեմ պայքարում շահագրգիռ բոլոր կողմերի ներդրած ջանքերը՝ այդպիսով բարձրացնելով հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում մի նոր մակարդակի:
Ամփոփելով ելույթը՝ հայաստանյան պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԳՐԵԿՈ-ի հետ արդյունավետ համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս խորացնելու համատեղ ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարում նոր առաջընթաց ապահովելու համար: