Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

24/10/2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Արդարադատության նախարարության հետ համագործակցությունն իր համար առաջնայիններից է:    

Նախարարի պաշտոնակատարը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, ներքաղաքական գործընթացներին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերին: Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակից՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ Հայաստանում մայիսին տեղի ունեցած հեղափոխությանը պետք է շարունակի իշխանափոխությունը: «Հայաստանում ներկայում հակասահմանադրական իրավիճակ է: Այս վիճակը կբարելավվի դեկտեմբերին անցկացվելիք արտահերթ խորհրդարական ընտրությունների արդյունքում: Մենք մեր առջև խնդիր ենք դրել անցկացնել այնպիսի ընտրություն, որի արդյունքին կհավատա հայ ժողովուրդը և որը հնարավորինս ճշգրիտ կարտահայտի ժողովրդի կամքը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: Անդրադառնալով ԱԺ-ում չընդունված Ընտրական օրենսգրքի նախագծին՝ Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ դրանով քաղաքական փոքրամասնությունների համար նախատեսվում էին առավել մեծ հնարավորություններ ԱԺ-ում հայտնվելու համար, ինչն ավելի ժողովրդավար կդարձներ Խորհրդարանը: Արդարադատության նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում նախագիծը կընդունվի, իսկ չընդունվելու դեպքում վստահեցրել է, որ Կառավարությունը գործող օրենսգրքով կարող է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքներին կհավատան բոլորը, այնպես ինչպես տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում:

Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներին, տեղեկացրել է, որ Վիեննայում ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ խողովակի միջոցով համագործակցել իտալացի գործընկերների հետ՝ իտալական փորձի հիման վրա հակակաոռուպցիոն նոր քննչական մարմին ստեղծելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոյեմբերին Հռոմում նախատեսվելիք «Հակակոռուպցիոն ռազմավարությունների զարգացումը թվային ժամանակաշրջանում. վերջին միտումներն ու  ԵԱՀԿ շրջանակում լավագույն փորձը» համաժողովին նախարարի պաշտոնակատարի մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր: