Արդարադատության նախարարը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է համաներման մասին օրենքի կարգավորումներին
02/11/2018
Ի նշանավորումն Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության հիման վրա Ազգային ժողովը 75 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկության արդյունքներով 01.11.2018թ-ի նիստում միաձայն ընդունեց համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարն այսօր անդրադարձել է օրենքի կարգավորումներին:
Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է իր պնդումն առ այն, որ այս համաներումը նպատակ չունի բեռնաթափելու քրեակատարողական հիմնարկները, քանի որ վերջիններս ծանրաբեռնված չեն։ «Սա պետության կողմից դրսևորված մարդասիրական քայլ է և հետապնդում է նույնաբովանդակ նպատակներ»,- ասել է Արտակ Զեյնալյանը։
Անդրադառնալով այս համաներման բովանդակությանը՝ նախարարի պաշտոնակատարը փաստել է, որ այն իսկապես հավակնում է լինելու ծավալունը, եթե ոչ ամենածավալունը։
Այսպես.
1. Եթե նախկին համաներման ակտերով որոշակի պայմանների առկայության դեպքում պատժից ազատվում էին մինչև երեք կամ մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, այս համաներման ակտով բարձրացվել է նշված առավելագույն շեմը։ Մասնավորապես՝ պատժից ազատվելու հնարավորություն ունեն մինչև չորս տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք՝ նախկին երեքի փոխարեն, մինչև վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք՝ նախկին հինգի փոխարեն։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ չորս և վեց տարվա շեմը գործում է և՛ դիտավորությամբ, և՛ անզգուշությամբ կատարված հանցագործությունների նկատմամբ։
2. Համանման ձևով չորս և վեց տարվա ազատազրկման շեմը կիրառվել է նաև այն դեպքերում, երբ քրեական գործի հարուցումը մերժվում է կամ քրեական գործը կարճվում է կամ քրեական հետապնդում չի իրականացվում կամ քրեական հետապնդումը դադարեցվում է։ Ընդ որում՝ տուժողների իրավունքների երաշխավորման նպատակով նախատեսվել է, որ մինչդատական և դատական փուլերում համաներման նշված դրսևորումները չեն կիրառվում անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած այն դեպքերի նկատմամբ, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը։
3. Առանձնացվել է սոցիալական որոշակի խումբ, որի կազմում ընդգրկվող անձինք կարող են պատժից ազատվել, եթե դատապարտվել են ոչ թե հինգ, ինչպես նախկինում, այլ մինչև վեց տարի ժամկետով ազատազրկման: Խմբում ներառված են օրինակ՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, հղի կանայք, մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք, 60 տարին լրացած անձինք, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած անձինք և այլք։ Սոցիալական խմբի առումով այս համաներման նորույթն այն է, որ պատժից կազատվեն նաև մինչև վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձինք, որոնք ունեն երեք կամ ավելի անչափահաս երեխա։
4. Փոփոխվել է համաներման միջոցով նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատելու կանոնը։ Այս համաներմամբ կրճատվելու է անձի ոչ թե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մասը, այլ հենց նշանակված պատժաչափը։ Ավելի պարզ խոսելով՝ ուզում եմ ասել, որ նախկինում անձի նկատմամբ նշանակված պատժաչափի չկրած մասն էր միայն կրճատվում համապատասխան չափով, ինչը կարող էր նշանակված պատժաչափի հետ համեմատությամբ շատ փոքր մաս կազմել, այսօր կրճատվելու է անձի նկատմամբ նշանակված պատիժը, ինչն իր հերթին կավելացնի համաներման շահառուների թիվը։
5. Համաներման միջոցով թեպետ կրճատվում է որոշ հանցագործություններով դատապարտված անձանց պատժաչափի չկրած մասը (օրինակ՝ սպանությունը` առանց ծանրացուցիչ հանգամանքների, ավազակությունը, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը` առանց ծանրացուցիչ հանգամանքների), սակայն, հաշվի առնելով այդ հանցագործությունների բնույթն ու հանրային վտանգավորությունը, նախկին համաներման ակտերով ընդունված է եղել պատժաչափի չկրած մասը վեց ամսով կրճատելու մոտեցումը։ Այս համաներմամբ նախատեսվում է նշված խումբ հանցագործություններով դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատժաչափը կրճատել ինն ամսով՝ նախկին վեցի փոխարեն։ Այս փոփոխության արդյունքում ևս համաներման շահառուների թիվն աճել է։
6. Անդրադառնալով տուժողին պատճառված վնասի հատուցումը որպես համաներման կիրառման համար անհրաժեշտ նախապայման նախատեսելու հարցին՝ անհրաժեշտ է ընդգծել այն, որ մինչդատական և դատական վարույթում համաներման հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Սա է նշված փուլերում պետության որդեգրած ընդհանուր քաղաքականությունը տուժողների իրավունքների երաշխավորման տեսանկյունից։
Իսկ օրինական ուժի մեջ մտած դատավճռով տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Այսինքն՝ այս դեպքում նշված հանգամանքը չի կարող դիտարկվել որպես համաներում չկիրառելու հիմք։
Համաներումը հնարավոր թվերով։
Այսպես,
1) Քրեակատարողական հիմնարկներում պահվող թվով 2892 անձանցից (1057 կալանավոր և 1835 դատապարտյալ) պատժից միանգամից կազատվեն շուրջ 469-ը, իսկ շուրջ 366 անձի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով նախատեսված պատժաչափը կկրճատվի համապատասխան չափով: Ընդհանուր առմամբ քրեակատարողական հիմնարկում պահվող 1835 դատապարտյալներից շուրջ 835-ի նկատմամբ կկիրառվի համաներում, որը կկազմի դատապարտյալների շուրջ 45.5%-ը։ Համեմատության համար նշեմ, որ նախկին համաներման ընթացքում քրեակատարողական հիմնարկներում պահվել է թվով 3571 դատապարտյալ:
2) Պրոբացիայի շուրջ 3800 շահառուներից շուրջ 2700 անձի նկատմամբ կկիրառվի համաներում՝ ազատելով նրանց պատժից կամ դադարեցնելով նրանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Ընդհանուր առմամբ պրոբացիայի շահառուների 71%-ի նկատմամբ կկիրառվի համաներում։ Ի տարբերություն այս համաներման՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների մասով նախկին համաներմամբ պատժի կրումից ազատվել է 1212 դատապարտյալ։
3) Վարույթն իրականացնող մարմնի վարույթում գտնվող գործերով անցնող շուրջ 3000 անձի նկատմամբ կկիրառվի համաներում:
Արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող, պրոբացիայի շահառու հանդիսացող և վարույթն իրականացնող մարմնում առկա գործերով անցնող ընդհանուր թվով շուրջ 6500 անձի նկատմամբ կկիրառվի համաներում: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ այս թիվն աճի միտում ունի։
«Հարկ եմ համարում նշել, որ իմ կողմից հնչեցվում է համաներման ծավալին վերաբերող նվազագույն թվերը, քանի որ դատապարտյալները կարող են ընթացքում ներկայացնել իրենց նկատմամբ համաներման կիրառման հիմք հանդիսացող փաստաթղթեր, որոնք առկա չեն անձնական գործերում: Օրինակ՝ նման փաստաթղթեր կարող են լինել երեխայի կամ երեխաների ծննդյան վկայականները, պատերազմի մասնակից հանդիսանալու կամ հաշմանդամություն ունենալու վերաբերյալ փաստաթղթերը: Կարծում եմ, որ համաներման ծավալները իմ կողմից հնչեցրածներից ավելին կլինեն:
Ավարտելով ելույթս՝ ուզում եմ հատուկ շեշտել, որ այս համաներումը ինքնանպատակ չէ, նպատակ չունի լուծել պետության խնդիրներն ու բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները: Համաներման նպատակը այլ է եղել. լուծել ոչ թե պետության, այլ քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած կամ նման արաքի կատարման համար մեղադրվող անձանց խնդիրները, նոր Հայաստանում վերջիններիս նոր, ևս մեկ հնարավորություն տալ ուղղվելու, նոր կյանք սկսելու, հասարակության լիարժեք անդամ դառնալու համար: Փորձել ենք լուծել ոչ միայն դատապարտյալների կամ մեղադրյալների խնդիրները, այլ նաև նրանց ընտանիքների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, քանի որ վերադառնալով ընտանիք, նշված անձինք հնարավորություն կունենան լիարժեք հոգ տանել իրենց երեխաների, ծնողների և ամուսինների նկատմամբ:
Օգտվելով առիթից ուզում եմ խոսքս ուղղել բոլոր այն անձանց, որոնք կազատվեն պատժից, կամ որոնց նկատմամբ քրեական հետախնդումը կդադարեցվի.
Ետ կանգնեք հանցավոր ճանապարհից: Օգտվեք պետության և հասարակության կողմից Ձեզ տրված ևս մեկ հնարավորությունից, դարձեք հասարակության լիարժեք անդամ, եղեք Ձեր ընտանիքների կողքին, ոչ թե հանցագործության, այլ արդար աշխատանքով վաստակեք Ձեր և Ձեր ընտանիքների ապրուստը»,- եզրափակել է Արտակ Զեյնալյանը: