Արտակ Զեյնալյանն ու Վենետիկի հանձնաժողովի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
31/10/2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հունիսին Վենետիկ կատարած այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախանշված արժեքները պահպանվում են և նոր Կառավարությունը դրանք ի կատար է ածում:
Վենետիկի հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով 2018 թվականի դեկտեմբերին կայանալիք Խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նշել է, որ հասկանում է ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ափսոսանք է հայտնել Ազգային ժողովի կողմից Ընտրական օրենսգրքի նախագիծը չհաստատելու փաստի առնչությամբ:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը, համաձայնելով գործընկերոջ հետ, ընդգծել է, որ նախագծով նախատեսվող փոփոխությունները կնպաստեին քաղաքական ընտրություն կատարելուն, և դա օգտակար կլիներ նաև ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի համար: Արտակ Զեյնալյանի խոսքով, ԱԺ ներկայացված նախագծում Վենետիկի հանձնաժողովի և միջազգային դիտորդական առաքելությունների ու կազմակերպությունների մի շարք դիտարկումներն էին ներառվել, որոնք հնչել էին 2017 թվականի Խորհրդարանական ընտրությունների գնահատման արդյունքում: «Ինչևէ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվեցին գործող ընտրական օրենսգրքով և դրանց նկատմամբ կա համընդհանուր ճանաչման մթնոլորտ: Սա վկայում է այն մասին, որ քաղաքական կամքի առկայությունը կարևորագույն գործոն է ընտրությունների անցկացման համար, իսկ այդ քաղաքական կամքն ունի մեր Կառավարությունը»,- նշել է արդարադատության նախարարի պաշտոնակատարը և վստահեցրել, որ ձևավորվելիք Կառավարությունը կբարելավի Ընտրական օրենսգիրքը:
Ջիանի Բուքիքիոն ևս վստահություն է հայտնել, որ ընտրություններից հետո ոչ միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, այլև դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ համատեղ աշխատելու հնարավորություն կլինի: «Մենք, որպես Վենետիկի հանձնաժողով, պատրաստակամ ենք աշխատելու դատական համակարգի բարելավման ուղղությամբ»,- ասել է Հանձնաժողովի նախագահը և հետաքրքրվել դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական վարույթների հարցով՝ նշելով, որ դատավորներից կազմված Կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեությունը կասկածի տեղիք կարող է տալ: Ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ Բարձրագույն դատական խորհրդի գործունության ընթացքում չի եղել մի դեպք, որ քննարկման առարկա դառնա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: «Սա նշանակում է, որ Կարգապահական հարցերի հանձնաժողովը, որը բաղկացած է դատավորներից, ինքնակարգավորմամբ ու ինքնավերահսկմամբ չի զբաղվում, որի լիազորությամբ օժտված է: Հետևապես, արդարադատության նախարարն արդեն ստիպված է լինելու, օգտվելով իր իրավասությունից, մեկնարկել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու գործընթացը»,- ասել է արդարադատության նախարարի պաշտոնակատարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդարադատության թվայնացմանը, դատավորների աշխատավարձերի բարձրացման հնարավորություններին ու Հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք վերահաստատվել է համագործակցությունն առավել խորացնելու պատրաստակամությունը: