Սուրեն Քրմոյանը մասնակցել է թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված ուղեցույցի շնորհանդես-քննարկմանը
19/11/2018
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն նոյեմբերի 16-ին մասնակցել է «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցի շնորհանդես-քննարկմանը: Այն կազմակերպել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության, «Կասպերսկի Լաբորատորիայի» և Երևանում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:
Միջոցառման ընթացքում, որպես Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ, Սուրեն Քրմոյանն անդրադարձել է երեխաներին բռնությունից պաշտպանելու համար անհրաժեշտ համալիր քայլերին:
Փոխնախարարը նշել է, որ ժամանակակից թվային աշխարհում, երեխաների նկատմամբ բռնության մասին խոսելիս, ցավոք, անհրաժեշտ է նկատի ունենալ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև համացանցում տարեցտարի ի հայտ եկող հոգեբանական բռնության զանազան դրսևորումները: Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ պետությունը գիտակցում է այս ոլորտում խնդրի կարևորությունը և պետական հոգածությունն այս հարցում արտահայտվում է առաջին հերթին օրենսդրական կարգավորումներով՝ որպես օրինակ նշելով ընտանիքում բռնության կանխարգելմանն ու անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող օրենքները: Սակայն փոխնախարարի խոսքով՝ երեխաների անխաթար մանկությունն ապահովելու գործում կարևորագույն օղակը կրթությունն է: Ըստ Քրմոյանի՝ կրթելով ու իրազեկելով ծնողներին և ուսուցիչներին, ինչպես նաև երեխայի հետ փոխվստահության կապ հաստատելով՝ հնարավորություն կստեղծվի ունենալ երեխաների համար առավել պաշտպանված թվային միջավայր:
Սուրեն Քրմոյանը մասնակիցներին ներկայացրել է նաև Անչափահասների արդարադատության խորհրդի ձևաչափով միջազգային հարթակների հետ համագործակցության շրջանակում իրականացվող գործընթացները, որոնք վերաբերում են նաև անչափահասներին համացանցում սեռական ոտնձգություններից պաշտպանությանը:
Ամփոփելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր բոլոր շահագրգիռ մարմիններին այս ոլորտում ցուցաբերած ուշադրության համար և հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
«Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցը ընդունվել է վերջերս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից և պարունակում է առաջարկություններ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար, տրվում են օգտակար, թեմատիկ ուղղորդումներ։