Արտակ Զեյնալյանը և Հակոբ Հակոբյանը շրջայց են կատարել Հարկադիր կատարման ծառայության Արագածոտնի վերանորոգված մարզային բաժնում
23/11/2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի հետ շրջայց է կատարել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնում՝ շենքի կապիտալ վերանորոգումից հետո:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մարգարյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գոհարիկ Խաչատրյանը, Սուրեն Մնոյանը, Մանուկ Մարգարյանը, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար անձնակազմը:
Արտակ Զեյնալյանը նշել է, որ Ծառայության Արագածոտնի մարզային բաժինն ամբողջությամբ նորոգվել է, ինչը, բնականաբար, նպաստում է, որ բոլոր ծառայությունները քաղաքացիներին մատուցվեն պատշաճ մակարդակով. «Արդար դատաքննության իրավունքը կիմաստազրկվի, եթե դատական ակտերը պատշաճ մակարդակով չկատարվեն, ժամանակին և ամբողջությամբ: Եվ այսպիսի պայմանների ապահովումը հենց կոչված է այդ իրավունքի ապահովմանը»:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն էլ ընդգծել է, որ շենքային և գույքային պայմանների բարելավումն անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար, և այսպիսի պայմաններում աշխատանքը խթան կհանդիսանա ավելի բարձր մակարդակով կատարելու ծառայողական պարտականությունները:
Այցի շրջանակում արդարադատության նախարարի պաշտոնակատարը նաև հանդիպել է նույն շենքում տեղակայված ԱՆ պրոբացիայի ծառայության մարզային բաժնի և ՔԿԱԳ տարածքային մարմնի ղեկավարների հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին և խնդիրներին:
Շրջայցից հետո Հակոբ Հակոբյանը Հարկադիր կատարման ծառայության ղեկավար անձնակազմի և Արագածոտնի մարզային բաժնի աշխատակիցների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին են զեկուցվել բաժնի կողմից կատարված աշխատանքները, այնուհետ աշխատակիցները պատասխանել են իրենց ուղղված հարցերին: Քննարկման ընթացքում վերհանվել են նաև առանձին կատարողական վարույթներին առնչվող հարցեր, որոնց վերաբերյալ կառույցի ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ: