Վիգեն Քոչարյան. «Ներդաշնակ հասարակությունում չպետք է լինեն ատելության կամ դրա քարոզի դրսևորումներ»

23/11/2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է «Խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները» սեմինար-փորձագիտական քննարկմանը: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակի միջոցառումների շրջանակում տեղի ունեցած միոցառումը կազմակերպել էր  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ:

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, եվրոպացի փորձագետներ, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը իր խոսքում նշել է, որ Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, յուրաքանչյուր ոք ունի ազատ կարծիք արտահայտելու իրավունք, ինչը մարդու հիմնարար իրավունքն է  և  ժողովրդավարության պայման: «Մենք այսօր ունենք այնպիսի ժողովրդավարական հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր իրավունքների մասին և կարողանում է ազատորեն իրացնել դրանք»,- ասել է նախարարի տեղակալը՝ միևնույն ժամանակ մտահոգիչ համարելով ատելության խոսքի արտահայտման դեպքերը: «Ներդաշնակ հասարակությունում չպետք է լինեն  ատելության կամ դրա քարոզի դրսևորումներ»,- ասել է Վիգեն Քոչարյանը:

Նախարարի տեղակալը  նշել է, որ ներկայիս պայմաններում հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի առկայությունը սոցիալական ցանցերում: «Համացանցը մեզ տալիս է էապես նոր գործիքներ հաղորդակցության, հասարակական քննարկումների և ժամանցի համար: Սակայն, մենք չպետք է թույլ տանք, որ այն դառնա ատելության քարոզչության առցանց գործիք»,- ասել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ փորձագիտական քննարկումները մեծապես կնպաստեն ատելության խոսքի տարածման դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների վերհանմանը և կօգնեն գտնել արդյունավետ լուծումներ՝  ժողովրդավարական  հասարակության արժեքներին համահունչ:

Քննարկման ընթացքում ներկայացվել են խոսքի ազատության և ատելության խոսքի սահմանազատման առանձնահատկությունները, դիտարկվել է ատելության, թշնամանքի, վիրավորանքի և զրպարտության դեմ պայքարի առկա  մոտեցումներն ու միջազգային փորձը։