ԵՄ խորհուրդը վերահաստատել է իրենց կառույցի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

26/11/2018

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Յուտա Էդթհոֆերի գլխավորած ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արդարադատության նախարարության կողմից դատաիրավական ոլորտում իրականացվող  մի շարք բարեփոխումներին:

Յուտա Էդթհոֆերի խոսքով՝ Հայաստանը ներկայում գտնվում է կարևոր ժամանակաշրջանում՝ պայմանավորված ընտրական գործընթացներով, և պատվիրակությունն այստեղ է՝ վերահաստատելու իրենց կառույցի շարունակական աջակցությունը իրականացվող բարեփոխումների ծրագրերին:

Նախարարի առաջին տեղակալը վստահեցրել է, որ, անկախ քաղաքական գործընթացներից, դատաիրավական ոլորտի բարեփոխումներն առաջնային են Հայաստանի Հանրապետության համար, քանի որ դրանք բխում են քաղաքացիների շահերից: Արթուր Հովհաննիսյանը գործընկերներին ներկայացրել է այդ ոլորտում  կատարված բարեփոխումները, որոնք առաջին հերթին հասցեագրված են անկախ և օրենքի առջև հաշվետու դատական իշխանության ամրապնդմանը: Որպես առաջիկայում նախատեսվող գործընթացներ՝ փոխնախարարը նշել է դատավորների թվաքանակի ավելացումը, աշխատավարձերի վերանայումը, ամբողջությամբ էլեկտրոնային ծանուցումերի և էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրումը, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնության համակարգի զարգացումը: Նա նաև անդրադարձել է սնանկության վարույթի հետ կապված նախատեսվող փոփոխություններին, որոնք ուղղված են վարույթի ժամկետների և  ծախսերի էական կրճատմանը, ինչպես նաև դրա թափանցիկության և սնանկության գործով կառավարիչների գործողությունների հաշվետվողականության բարձրացմանը:

Ամփոփելով դատաիրավական բարեփոխումներին ուղղված աշխատանքների  ներկայացումը՝ Արթուր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ այդ գործընթացներն իրենց դրական ազդեցությունը կունենան նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավման վրա՝ միաժամանակ ընդգծելով, որ բարեփոխումները ունեն նաև լուրջ հակակոռուպցիոն ազդեցություն:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին և օժանդակություն պահանջող կարիքներին՝ փոխնախարարն ընդգծել է քաղաքացիական, վարչական դատավարությունների, կատարողական վարույթի, ինչպես նաև մի շարք այլ օրենքների մշակման առնչությամբ հնարավոր աջակցության անհրաժեշտությունը, այնուհետև պատասխանել գործընկերներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ավարտին Յուտա Էդթհոֆերը շնորհակալություն է հայտնել Արթուր Հովհաննիսյանին դատաիրավական բարեփոխումների ընթացքը հանգամանալից ներկայացնելու համար և ընդգծել, որ պատրաստակամ են հետագայում ևս սերտ համագործակցել նախանշված ուղղություններով՝ բարեփոխումների անկասելի ընթացքը ապահովելու համար: