ԵՄ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը աջակցելու ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ծրագրի մշակմանը

28/11/2018

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում նոյեմբերի 27-ին մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության Օրենքի գերակայության հարթակի հերթական հանդիպմանը: Պատվիրակության կազմում են եղել նաև  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը և ՀՀ ԱՆ միջազգային համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանը:  Հարթակի շրջանակում քննարկվել են ԱլԳ  երկրներում արդարադատության բարեփոխումները և դրանց՝ ԵՄ աջակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ծրագրերը և հատկապես դատախազության ոլորտում առկա հիմնախնդիրներն ու կատարված քայլերը: Մասնավորապես, քննարկվել են պետական մարմինների համակարգում դատախազության տեղի և դերի, դատախազության անկախության և հաշվետվողականության երաշխավորման ու դատախազների նշանակման և առաջխաղացման թափանցիկությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արդարադատության անկախության, որակի և արդյունավետության հետ կապված հիմնահարցերին:

ԵՄ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը աջակցելու ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ծրագրի մշակմանը և դրա արդյունավետ իրականացմանը: