Արտակ Զեյնալյանը մասնակցել է քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողովին
12/12/2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովին:
Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ներկայում ընթացող դատաիրավական բարեփոխումներին և ընդգծել, որ իրավական համակարգի կատարելագործումն ընթանում է նոր հայեցակարգերի, ինստիտուտների ու կարգավորումների մշակման, սկզբունքորեն նոր մոտեցումների ներդրման միջոցով: «Այս գործընթացի առաջնային նպատակը միջազգային չափանիշներին և օտարերկրյա առաջադեմ փորձին համահունչ անձի իրավունքների հուսալի պաշտպանության ապահովումն է»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ հարցն առավել արդիական է դառնում, երբ խոսքը վերաբերում է քրեաիրավական և դատավարական հարաբերություններում անձի իրավունքների և օրինական շահերի ապահովմանը, քանի որ հենց այս ոլորտում են դրսևորվում մի շարք կարևոր իրավունքների առավելագույն սահմանափակումները: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Ծրագրում արտացոլված նպատակները ևս մեկ անգամ ընդգծում են Հայաստանի Հանրապետության հանձնառությունը և պատրաստակամությունը մեր երկրում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների շարունակական ամրապնդման և այս ոլորտում օրենսդրության և պրակտիկայի միասնականության ապահովման հարցում: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև այն լայնածավալ աջակցությունը, որը Ծրագրի շրջանակում ցուցաբերվել է ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքրերի նախագծերի մշակման գործընթացում: «Ինչպես այս ծրագրի և դրան նախորդող ժամանակահատվածի համար, այնպես էլ ներկայում քրեական արդարադատության բարեփոխումները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության առաջնահերթությունների ցանկում»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ քրեական արդարադատության բարեփոխումների համատեքստում կարևորելով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությունը: