Տեղի է ունեցել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով խորհրդաժողով

13/12/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել  է «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար»  թեմայով խորհրդաժողովին: Եվրոպայի Խորհրդի կազմակերպած հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և  ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, այլք:

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին և ընդգծել, որ ԵԽ-ն մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Վ. Քոչարյանի խոսքով՝ վառ ապացույց է 2018թ. ապրիլին Եվրոպայի խորհրդի կողմից մեկնարկած  «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքարը Հայաստանում»  ծրագրի իրականացումը, որի նպատակն էր զարգացնել ընտանեկան բռնության կանխարգելմանը մասնակցող հիմնական շահագրգիտ կառույցների կարողությունները:

«Ինչպես գիտեք, ուղիղ մեկ տարի առաջ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որն ուժի մեջ մտավ այս տարվա հունվարին: Ավելորդ չէ նշել, որ այս օրենքի ընդունման ճանապարհը բարդ էր և առկա էին որոշակի խոչընդոտներ, մասնավորապես, տարածվում էին տարատեսակ թյուրըմբռնումներ օրենքի կարգավորման շրջանակի և բնույթի վերաբերյալ: Չնայած դրան մեզ հաջողվեց ընդունել օրենքը, ինչը նախապայմանների ստեղծեց այս ոլորտում մեր հետագա քայլերի համար»-նշել  է նախարարի տեղակալը:

Վիգեն Քոչարյանը նաև անդրադարձել է օրենքի բովանդակությանը և նշելով , որ այն կարգավորում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, սահմանում է ընտանիքում բռնության հասկացությունը, ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները:

                 Այս համատեքստում, փոխնախարար Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ օրենքի ընդունումը դեռ առաջին քայլն է, պետք  է ստեղծվեն օրենքը լիարժեք կիրառելու ենթաօրենսդրական հիմքեր և ճկուն համագործակցության հնարավորություններ:

                 Խորհրդաժողովում ներկայացվել են նաև ոլորտին վերաբերվող ԵԽ չափանիշները, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման պրակտիկ փործը: