Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի փակմանը
18/12/2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի փակման արարողությանը:
Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից, ամբողջությամբ իրականացվել՝ Եվրոպայի խորհրդի կողմից:
Նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ գրասենյակին համաժողովին հրավիրելու համար և նշել, որ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման աշխատանքներին: «Խոսքերիս վառ ապացույցն այս ծրագիրն է, որի նպատակն էր նպաստել Հայաստանում դատական իշխանության անկախության ամրապնդմանը, իրավական ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ու արդարադատության մատչելիության ապահովմանը»,- ասել է Արտակ Զեյնալյանն ու ընդգծել, որ Ծրագրի շրջանակում ԵԽ-ն աջակցել է Դատական օրենսգրքի մշակման աշխատանքներին, դատական իշխանության ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացմանը, արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների կատարելագործմանը:
Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև Արդարադատության նախարարության կողմից մշակված և ներկայում վերանայման փուլում գտնվող 2019-2024 թվականների Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ ԵԽ միջազգային փորձագետների տված գնահատականները և վստահեցրել, որ ներկայացված փաստաթղթում տեղ գտած առաջարկությունները կամրագրվեն Հայաստանի 2019-2024թթ. Դատաիրավական բարեփոխումների ծրագրում:
Ամփոփելով խոսքը՝ Արտակ Զեյնալյանը ևս մեկ անգամ վերահաստատել է 2018թ. ապրիլ մայիսի ընթացքում Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ձևավորված Կառավարության հանձնառությունը՝ արդարադատության ապահովման և իրավունքի գերակայության ամրապնդման վերաբերյալ, ինչպես նաև հույս հայտնել, որ համատեղ ջանքերով կվերականգնվի դատական համակարգի հանդեպ հասարակության վստահությունը, արմատախիլ կարվի կոռուպցիան, կբարելավվի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը: