Արթուր Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին
19/12/2018
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Սնանկության մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո նախատեսվող սնանկության գործով կառավարիչների վերապատրասմանը, ուղեցույցերի պատրաստմանը, շահագրգիռ մարմիններին փոփոխությունների ներկայացմանը, ինչպես նաև սնանկության էլեկտրոնային հարթակի մշակմանն ու դրա գործարկմանն առնչվող մի շարք հարցերի:
Սնանկության վարույթներին ուղղված օրենսդրական, տեխնիկական և մասնագիտական բարելավումների դեպքում Արթուր Հովհաննիսյանը, որպես ակնկալվող արդյունք, նշել է պարտատերերի բավարարվածությունը սնանկության վարույթի ավարտին կամ կարճ ժամկետներում առողջացման ծրագրի իրականացումը, եթե առկա են նման հնարավորություններ: Փոխնախարարը «Սնանկության մասին» նոր օրենքի նախագծի ընդունումը կարևորել է նաև Doing business-ի սանդղակում Հայաստանի դիրքի բարելավման համատեքստում:
Անվճարունակության հարցերով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խորհրդատու Քեթրին Զոլլերն աջակցության պատրաստակամություն է հայտնել սնանկության դատարանի գործառնական պլանի մշակման և նոր օրենքի շրջանակում դատավորների վերապատրաստման հարցում:
Քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև աշխատանքային խմբի ձևաչափով փոփոխված օրենսդրության հիման վրա ուղեցույցերի պատրաստման հարցի շուրջ, որի աշխատանքներին կներգրավվեն սնակության գործով կառավարիչ, դատավոր, Արդարադատության նախարարության ներկայացուցիչ և փորձագետ:
Հանդիպման ավարտին կողմերը Սնանկության օրենքի նախագծի հետագա փոփոխությունների շուրջ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: