Քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել է 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը

19/12/2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շուրջ քննարկմանը, որը կազմակերպվել էր «Կառուցողական երկխոսության հանձնարություն» ծրագրի շրջանակում:

Նախարարի տեղակալը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ընդգծել է, որ Ռազմավարության նախնական տարբերակն առաջինը քաղհասարակության անդամների հետ քննարկելը բխում է Կառավարության կողմից որդեգրված կոռուպցիայի դեմ մասնակցային պայքարի տրամաբանությունից:

Փոխնախարարի խոսքով՝ 2019-2022 թթ. Ռազմավարությունը հիմնված է կոռուպցիայի դեմ պայքարի դասական երեք ուղղությունների՝ կանխարգելման, կրթության և իրավապահ համակարգի հակազդման սկզբունքի վրա, սակայն այն իր բնույթով նաև նորարարական է՝ հիմնված թվային գործիքների կիրառման վրա:

Սուրեն Քրմոյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է նաև, որ որպես կոռուպցիայի դեմ պայքարի չափելի արդյունք՝ ակնկալվում է 15 կետով բարելավել Հայաստանի դիրքը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմվող կոռուպցիայի ընկալման սանդղակում, ինչն էականորեն կազդի նաև Հայաստանի միջազգային հեղինակության վրա:

Ամփոփելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը վերահաստատել է  Արդարադատության նախարարության պատրաստակամությունը համագործակցության հարցում և հավելել, որ պատրաստ է հետագա առաջարկները ևս քննարկել և ներառել Ռազմավարության մեջ:

Այնուհետև, հաջորդել է Ռազմավարության ներկայացումը քննարկման մասնակիցներին: