Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի 2018 թվականի ամփոփիչ նիստը
27/12/2018
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Խորհրդի 2018 թվականի ամփոփիչ նիստը: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագրի շրջանակում:
Սուրեն Քրմոյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ Անչափահասների արդարադատության խորհրդի տարեվերջյան նիստի օրակարգը հագեցած է: «Այսօր դատական իշխանության, իրավապահ համակարգի, գործադիր իշխանության և քաղհասարակության մեր գործընկերները ներկայացնելու են անչափահասների արդարադատության ոլորտում իրականացված նվաճումներն ու արձանագրված հաջողության պատմությունները»,- ասել է Սուրեն Քրմոյանը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ խորհրդի աշխատանքներին միացել են ոչ միայն դատական իշխանության, այլ առաջին անգամ մասնակցում են նաև Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ: Նախարարի տեղակալը նշել է նաև, որ 2018 թվականի ընթացքում Խորհուրդը ինտենսիվ է աշխատել, գրանցվել են բազմաթիվ հաջողություններ, թե՛ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական ակտերի ընդունման, թե՛ գործնական մեխանիզմների ստեղծման և թե՛ նոր խնդիրների բացահայտման ուղղությամբ: Այնուհետև, խորհրդի անդամները ներկայացրել են 2018 թվականին իրենց գործունեության ոլորտներում երեխաների իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ կատարած և առաջիկայում նախատեսվող աշխատանքները:
Փոխնախարար Քրմոյանը՝ արձագանքելով Քննչական կոմիտեի և դատական համակարգի ներկայացուցիչների՝ Դավիթ Թումասյանի և Ռուզաննա Բարսեղյանի զեկույցներին, նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ 2019 թվականին Արդարադատության նախարարությունը պլանավորում է վիճակագրական գործիքի ներդրման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա մեկտեղելու իրավապահ բոլոր մարմիններում առկա մեծածավալ վիճակագրական տվյալները: Սուրեն Քրմոյանը նշել է նաև Պրոբացիայի ծառայության կողմից դատարաններին առավել ընդգրկուն զեկույցներ ներկայացնելու կարողությունների զարգացման հնարավոր տարբերակների քննարկումը և ընդգծել վերասոցիալականացման ծրագրերի անհրաժեշտությունը՝ համաներմամբ կամ վաղաժամկետ ազատ արձակված անձանց կողմից կրկնահանցագործությունների ռիսկերը նվազեցնելու նպատակով: