Հայտարարություն որդեգրման գործընթացի վերաբերյալ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցադրումների վերաբերյալ

17/01/2019

Ի պատասխան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի սույն թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱԺ նիստում հնչեցված երեխաների օտարերկրյա որդեգրմանը առնչվող հարցերի և հայտարարությունների՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2008 թվականից ՀՀ  արդարադատության նախարարությունն է ճանաչվել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի Կոնվենցիայի շրջանակում գործող ՀՀ կենտրոնական մարմին: Ըստ այդմ, օտարերկրյա որդեգրումների կազմակերպումը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավասության շրջանակում: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ օտարերկրյա պետություններում որդեգրված երեխաների ճակատագրերի նկատմամբ հետագա վերահսկողության հետ կապված հարաբերությունները և գործընթացը հստակ կարգավորված են: Մասնավորապես, ՀՀ կառավարության 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 64-րդ կետը սահմանում է՝ Կենտրոնական մարմինը ՀՀ-ից որդեգրված և օտարերկրյա պետության տարածք տեղափոխված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով  յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչև որդեգրման 5 տարին լրանալը, դիմում է այդ օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը:

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վերը նշված կարգի մասին իրազեկված են «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 29.05.1993թ. կոնվենցիայի շրջանակում համագործակից օտարերկրյա պետության կենտրոնական մարմիններն ու հավատարմագրված կազմակերպությունները, որոնք, որպես կանոն, անհրաժեշտ տեղեկությունները Կենտրոնական մարմին ներկայացնում են առանց վերջինիս կողմից լրացուցիչ հարցում կատարելու:

Որդեգրված երեխաների կյանքի պայմանների վերաբերյալ զեկույցները, որոնք ներառում են համագործակից պետության իրավասու մարմինների կողմից կազմված  երեխայի կենսապայմանների ուսումնասիրության, առողջական վիճակի մասին տեղեկություններ և լուսանկարներ, ստացվում, ուսումնասիրվում և պահպանվում են կենտրոնական մարմնում:

Հատկանշական է, որ  առ այսօր որևէ բացասական զեկույց կամ տեղեկատվություն օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների մասին Կենտրոնական մարմինը չի ստացել, արտերկիր որդեգրված երեխաների կենսապայմանները ապահովված են, վերջիններս ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և գտնվում են տվյալ պետության իրավասու մարմինների վերահսկողության ներքո:

Օտարերկրյա որդեգրումների ոլորտում խնդիրների բացակայությունը պայմանավորված է նաև նրանով, որ Կենտրոնական մարմինը երեխաների օտարերկրյա որդեգրումը կազմակերպում է հիմնականում Կոնվենցիայի անդամ այնպիսի երկրների հետ, որոնք ունեն երեխաների իրավունքների պաշտպանության և վերահսկողության պատշաճ ներքին համակարգ: Մասնավորապես, Կենտրոնական մարմինը համագործակցում է ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Գերմանիայի, Անգլիայի, Ավստրիայի, Հունաստանի կենտրոնական մարմինների հետ:

 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ  ՀՀ կառավարության 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ով սահմանված կարգով, որդեգրված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով Կենտրոնական մարմինը երեխայի որդեգրման մասին տեղեկությունները տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների իրականացման համար։ Վերջինս որդեգրված երեխայի մասին տեղեկություններն ուղարկում է որդեգրողների մշտական բնակության վայրում գտնվող ՀՀ հյուպատոսական համապատասխան հիմնարկ:

Հյուպատոսական հիմնարկի կողմից հաշվառվում է օտարերկրյա պետություն որդեգրված և տեղափոխված երեխան և ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում երեխայի մասին ստացված յուրաքանչյուր տեղեկություն:

Ավելին, Կենտրոնական մարմինը, համագործակցելով իր գործընկերների հետ, վերջիններիս աջակցությամբ շարունակական կապի մեջ է գտնվում որդեգրող ընտանիքների հետ, այդ թվում, համագործակցող երկրի կենտրոնական մարմինների հրավերով, այցելություններ են կատարվում որդեգրողների ընտանիքներ՝ որդեգրված երեխաների հետ ուղղակիորեն շփվելու, նրանց տեսակցելու նպատակով: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ, թեպետ ՀՀ օրենսդրությամբ այցելությունների պարտադիր ընթացակարգ նախատեսված չէ, այդուհանդերձ,  Կենտրոնական մարմնի ներկայացուցիչները՝ օտարերկրյա պետություն տեղափոխված որդեգրված երեխաների հետ հանդիպման նպատակով իրականացրել են այցելություններ համագործակից պետություններ՝ վերջիններիս կենտրոնական մարմինների կամ հավատարմագրված կազմակերպությունների հրավերների հիման վրա՝ վերջիններիս ֆինանսավորմամբ: Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ որդեգրված երեխայի տվյալների գաղտնիության պաշտպանությունը երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ, հետևաբար, Կենտրոնական մարմինը իրավունք չունի գործընթացում չներգրաված անձանց ներկայացնել օտարերկրյա որդեգրման փաստի, գործընթացի և երեխայի մասին որևէ անհատականացված տեղեկություն:

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ օտարերկրյա որդեգրումներն այն կարևոր գործիքն են, որոնց միջոցով ապահովվում է ծնողական խնամքից զրկված երեխաների ընտանիքում ապրելու և դաստիարակվելու այն երեխաների իրավունքը, որոնք չեն որդեգրվում ՀՀ քաղաքացիների կողմից: Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի հունվարի դրությամբ  Կենտրոնական մարմնում հաշվառված են 240-ից ավելի  երեխաներ, որոնք չեն որդեգրվել  ՀՀ քաղաքացիների կողմից: 

ՀՀ կենտրոնական մարմինը լիահույս է այդ երեխաների համար ընտանիքներ գտնել՝ անկախ աշխարհագրական տարածքից և ազգային պատկանելիությունից: