2019 թվականին քրեակատարողական ոլորտում Արդարադատության նախարարության թիրախը լինելու է դատապարտյալների վերասոցիալականացումը

25/01/2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունվարի 24-ին այցելել է Քրեակատարողական ծառայություն՝ ամփոփելու ոլորտում 2018 թվականին իրականացված աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿԾ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք:

Աշխատանքների հաշվետվության ներկայացման ժամանակ զեկուցվել է, որ պետական բյուջեից քրեակատարողական համակարգին տարբեր ծրագրերով հատկացված միջոցներից ընդհանուր առմամբ տնտեսվել և վերադարձվել է պետական բյուջե 315 մլն 78 հազար դրամ:

2018 թվականին՝

  • 236 անձի տրամադրվել է նույնականացման քարտեր և անձնագրեր, որը գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը 96-ով:
  • Քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել 2075 անձ, որը 327 դեպքով ավելի է 2017-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ:
  • Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու նպատակով «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ 563 դատապարտյալ ներգրավվել է տարաբնույթ աշխատանքներում, այդ թվում՝ այլ գործատուների մոտ. ինքնագործ միավորումներում ընդգրկվել է 148-ը:
  • Իրացվել է 138 դատապարտյալի կրթական իրավունքը (2017թ.՝ 108), այդ թվում՝ 47 հանրակրթական, մասնագիտական՝ 84, բարձրագույն և հետբուհական՝ 7:
  • Քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են մարզական 116 միջոցառումներ/ մասնակցել է 1400 անձ/,  լուսավորչական 19 միջոցառում /մասնակցել է 390 անձ/, մշակութային 17 միջոցառում /մասնակցել են 899 անձ/: Անցկացվել են շախմատի, շաշկու, թենիսի, դոմինոյի, ֆուտբոլի, բիլիարդի հիմնարկային առաջնություններ:
  • «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Աբովյան» ՔԿ հիմնարկում իրականացրել է  «Առողջ ապրելակերպ», «Սոցիալական ուսուցում և կյանքի հմտություններ», «Դեկորատիվ–կիրառական արվեստ» թեմաներով դասընթացներ, որոնց մասնակցել է 78 կին դատապարտյալ: Անչափահաս կալանավորված և դատապարտված անձանց  համար իրականացվել է «Հիմնարար գրագիտություն» դասընթաց (հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա), ընդգրկվել են  չորսը:  «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել են «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն»,  «Համակարգչային հմտությունների ուսուցում» և «Ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ»  դասընթացներ, որոնց մասնակցել է 25 դատապարտյալ:
  • ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից «Աբովյան» ՔԿ հիմնարկում իրականացվող  «Վերականգնողական արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի շրջանակում հիմնարկում անցկացվում են անգլերենի (ընդգրկվել է 8 անձ), համակարգչային հմտությունների (ընդգրկվել է 13 անձ, որից 8-ը ստացել են վկայական), ֆիտնեսի (ընդգրկվել է 12 անձ ),  յոգայի (ընդգրկվել է 14 անձ ), վարսահարդարման (ընդգրկվել է 5 անձ), խոհարարական (ընդգրկվել է 7 անձ)  դասընթացներ:
  • Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ «Աբովյան» ՔԿ հիմնարկում բացվել է ձեռքի աշխատանքների (հելունագործություն, գորգագործություն) ակումբ. ընդգրկվել է 8 անձ:

Արդարադատության նախարարը ՔԿԾ ղեկավար անձնակազմից հետաքրքրվել է տեսազանգից օգտվող դատապարտյալների ցուցանիշով, սննդի որակի բարձրացման,  քրեական ենթամշակույթի վերացմանն ուղղված աշխատանքներով և հանձնարարել առավելագույն խստությամբ վերահսկել ու կանխել կոռուպցիայի, մոլեխաղերի, արգելված իրերի ներթափանցման դրսևորումները, իսկ դատապարտված անձանց համար ռեժիմների փոփոխությունը դարձնել կանխատեսելի: Նախարար Զեյնալյանի խոսքով, թեև համակարգում նկատելի է դրական դինամիկա, այդուհանդերձ, եղածով բավարարվել չի պատրաստվում, և ոլորտի զարգացման աշխատանքները իրականացվելու են առավել մեծ եռանդով և արագությամբ:  

Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ ծառայության բոլոր աշխատակիցներին և  ընդգծել, որ 2019 թվականին ոլորտի թիրախը լինելու է ՔԿՀ-ներում պահվող անձանց վերասոցիալականացումը, դատապարտյալների կողմից  պատշաճ վարքագիծ դրսևորելու դեպքում խրախուսական միջոցների կիրառումն ու ինքնավնասումների, ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ ծրագերի մշակումն ու իրականացումը: Միաժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ 2019 թվականի ընթացքում ՔԿ ծառայությունում, ՔԿՀ-ներում կատարված աշխատանքի արդյունավետության գնահատման ցուցիչի հիմքում դրվելու է ՔԿՀ-ներից դուրս գալուց հետո կրկնահանցագործություն կատարման վիճակագրությունը:

Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը ևս մի շարք հանձնարարականներ է տվել համակարգի աշխատակիցներին՝ պահանջելով անհանդուրժող լինել կոռուպցիայի, քրեական ենթամշակույթի նկատմամբ, առավելագույնս նվազեցնել արգելված իրերի ներթափանցման դեպքերը, բացառել մոլեխաղերը, շարունակել սննդի որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները և այլն: