Պրոբացիայի ծառայությունը ներկայացրել է 2018 թվականի հաշվետվությունը

01/02/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր ներկայացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության 2018 թվականի գործունեության հաշվետվությունը:

Ծառայության պետ Արսեն Նավասարդյանը փոխնախարարին ներկայացրել է 2018 թվականին ծառայության կողմից վերահսկողության, վերասոցիալականացման, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում կատարած աշխատանքները: 2018 թվականին Պրոբացիայի ծառայությունն ունեցել է 6242 շահառու, որոնցից՝ տուգանք պատժատեսակով 2074 գործ, որոշակի պաշտոններից զրկելու և որոշակի գործունեության իրավունքից զրկելու 452 գործ, հանրային աշխատանքներում ներգրավվելու 574 գործ, պատիժը պայմանական չկիրառելու 2223 գործ, վարքի նկատմամբ վերահսկողության 17 գործ, պատժից պայմանական վաղակետ ազատվելու 725 գործ և պատժի հետաձգման 14 գործ:

Հաշվետվության ընթացքում ներկայացվել է նաև պրոբացիայի ծառայության շահառուների համար վերասոցիալականացման շրջանակում կազմակերպված դասընթացների, դատարաններ ներկայացված խորհրդատվական զեկույցների, ինչպես նաև մշակութային հաստատություններ այցելությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները: Անդրադարձ է եղել նաև միջազգային համագործակցությանը: Ի թիվս 2018 թվականի ձեռքբերումների՝ ներկայացվել է նաև Ծառայության պաշտոնական ինտերնետային կայքի գործարկումը, ինչն առավել հասանելի է դարձրել Ծառայության կատարած աշխատանքների վերաբերյալ հանրային իրազեկման գործընթացը: 

Փոխնախարար Քրմոյանը նշել է, որ ներկայացված տարեկան գործունեության առաջին հաշվետվությունը վկայում է նոր ձևավորված կառույցի կայացման մասին և ընդգծել, որ հաջորդող զեկույցներն այլևս համեմատական են ունենալու: Սուրեն Քրմոյանն անդրադարձել է նաև բացթողումներին և կատարման ենթակա աշխատանքներին՝ տալով համապատասխան հանձնարարականներ: Հաջորդիվ, փոխնախարար Քրմոյանը լսել է Ծառայության մարզային ստորաբաժանումների ղեկավարների հարցերը և վստահեցրել, որ Արդարադատության նախարարությունը հնարավորության սահմաններում թե՛ օրենսդրական և թե՛ նյութատեխնիկական առումով  աջակցելու է բարձրացված խնդիրների լուծմանը՝ պրոբացիայի ծառայության փոքրաքանակ ռեսուրսներով իրականացվող ծավալուն աշխատանքները հանրության շրջանում տեսանելի դարձնելու համար: