Կին դատապարտյալները քրեակատարողական հիմնարկում մասնագիտական հմտություններ են ձեռք բերել
08/02/2019
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 7-ին տեղի է ունեցել կին դատապարտյալների մասնագիտական հմտությունների վերաբերյալ վկայագրերի հանձնման արարողությունը:
ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվող «Վերականգնողական արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի շրջանակում երկու տասնյակից ավելի կին դատապարտյալների համար անցկացվել են անգլերենի, համակարգչային հմտությունների, ֆիտնեսի, յոգայի, վարսահարդարման, խոհարարական դասընթացներ: Համակարգչային դասընթացների ընթացքում կին դատապարտյալները կատարել են նաև գրքերի թվայնացման աշխատանքներ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, կին դատապարտյալների հետ մասնագիտական դասընթացներ վարած մասնագետներ, այլք:
Գայանե Վարդանյանը ողջունել է ներկաներին և իր երախտագիտությունը հայտնել ծրագրի իրականացմանը աջակցողներին՝ կարևորելով վերականգնողական այս համալիր միջոցառման արդյունավետությունն ու շարունակականությունը:
Կարեն Հակոբյանը նշել է, որ ծրագիրը գրանցել է գերազանց և նկատելի արդյունք, որի համար իր շնորհակալությունն է հայտնել նախագիծն իրականացնող անձնակազմին, ինչպես նաև անազատության մեջ գտնվող կանանց, որոնք մասնակցել են դասընթացներին և ցուցաբերել բարձր ակտիվություն: Կարեն Հակոբյանը հաջողությունն է մաղթել կին դատապարտյալներին և վստահեցրել, որ ձեռք բերված գիտելիքները լինելու են օգտակար, իսկ ակտիվությունը հետագայում գնահատվելու է:
Միջոցառման ընթացքում կին դատապարտյալները ներկայացրել են նաև բիզնես գաղափարներ, որոնք համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում պատժի կրման ավարտից հետո կկարողանան իրականություն դարձնել: