Առաջարկվում է ԶԼՄ-ներին ազատել պետական ռեգիստրի տվյալների ստացման վճարից

12/02/2019

Արդարադատության նախարարությունն առաջարկում է՝ լրատվամիջոցներին ազատել պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար նախատեսվող պետական տուրքի վճարից:

 Նախարարությունն այդ նպատակով իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, քննարկման է դրել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 Պետական տուրքից կազատվեն օրենքով սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցները: Սակայն լրատվամիջոցները հնարավորություն կունենան միայն անվճար կարգով պետական ռեգիստրից ստանալ տեղեկատվություն, եթե մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը չի գերազանցի տպագրված կամ պատճենահանված 10 էջը:

 Նշենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից յուրաքանչյուր ընկերության մասին տեղեկատվություն ստանալու համար լրատվամիջոցները վճարում են 3000 դրամ:

 Նախարարության հաղորդմամբ՝ այս նախագծի ընդունմամբ լրատվամիջոցները կազատվեն իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման համար լրացուցիչ ֆինանսական վճար կատարելու բեռից:

Ամբողջական հոդվածը՝ https://hetq.am/hy/article/100816?fbclid=IwAR0k0tmbZUX1-CVE_4ceBq5ZPeY34_5kCrld03aTTZOPiHXPm2TTwOKei5Y