Վիգեն Քոչարյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության առաջին պլատֆորմի հանդիպմանը

20/02/2019

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում 2019թ. փետրվարի 19-ին մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության «Պետական կառույցների հզորացում և լավ կառավարում» առաջին պլատֆորմի 19-րդ հանդիպմանը:

 Վերջինի ընթացքում քննարկվել են ԱլԳ երկրներում, իրավունքի գերակայության ամրապնդմանը, արդարադատության մատչելիության ապահովմանը, դատական որոշումների պարտադիր կատարման ամրապնդմանը, ընտանեկան բռնության և սեռական ոտնձգության դեմ պայքարին առնչվող հարցեր:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն իր ելույթում ներկայացրել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի հիմնական կարգավորումները, ինչպես նաև անդրադարձել է օրենքի արդյունավետ իրագործման հիմնահարցերին: Վիգեն Քոչարյանը խոսել է նաև ՀՀ կողմից 2018թ. հունվարին ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման գործընթացից:

 Հանդիպման շրջանակում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկվել է մարդու իրավունքների ոլորտում ՀՀ հանձնառությունների կատարմանն ուղղված հնարավոր աջակցության հիմնահարցերը: