Արտակ Զեյնալյան. «Դատական համակարգի կայացումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն ու պարտավորությունն է»

26/02/2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փետրվարի 26-ին մասնակցել է ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Նախարարը շնորհավորել է դատական իշխանությանը հոբելյանի առիթով և նշել, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ներկայիս փուլի լրջագույն մարտահրավերներից մեկը դատական համակարգի կայացումն է, որի անբաժան մասն է կազմում դատարանների ու արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: «Դատական համակարգի կայացումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն ու պարտավորությունն է: Նախարարից ու դատավորից, քննչական մարմիններից ու դատախազությունից, փաստաբանությունից ու դատավարության կողմերից՝ մինչև մեր երկրի ամենահեռավոր վայրում բնակվող քաղաքացին այս գործընթացի կրողն ու շահառուն է: Եվ սա այն կարևոր բանաձևն է, որով պետք է առաջնորդվել դատաիրավական բարեփոխումների գործընթացում»,- ասել է նախարարը և հավելել, որ արդարադատությունը ժողովրդաիշխանության իրականացման ձև է, և յուրաքանչյուր գործով դատարանն իր իշխանությունը ստանում է պետությունում իշխանության կրողից՝ ժողովրդից և սրանից պետք է բխի դատական ակտը: Նախարար Զեյնալյանի խոսքով՝ ասածն առաջին հայացքից ձևական թվացող, սակայն բովանդակային առումով իմաստային լուրջ բեռ կրող փոփոխության մեջ է: «Անձամբ իմ և պատգամավորական «ԵԼՔ» խմբակցության նախաձեռնած փոփոխությունների արդյունքում «Դատական» և «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքերում ամրագրվել է՝ դատական ակտերը կայացվում են ո՛չ թե «Հանուն Հայաստանի Հանրապետության», այլ՝ «Հայաստանի Հանրապետության անունից» և հարկ է, որ այլևս վճիռներն ու դատավճիռները հենց այս ձևակերպմամբ ու ուղերձով սկսվեն»,- նշել է նախարարը:

Ըստ Արտակ Զեյնալյանի՝ դատական համակարգի մարտահրավերների շառավիղն ընդգրկուն է. դատարանների ծանրաբեռնվածություն, դատական ակտերի ու դատավորների որակ, դատավորների ու դատական ծառայողների սոցիալական երաշխիքներ, վստահելի ու տեսանելի արդարադատություն և այլն: Նրա խոսքով՝  բոլորիս ջանքերն ուղղված են այն կառավարելի դարձնելուն, իսկ այն կառավարելի դարձնելու լծակներն են դատարանների ծանրաբեռնվածության ավելի քան 70 տոկոսը կազմող վճարման կարգադրությունների ու ճանապարհային ոստիկանության ակտերի վերաբերյալ որոշում կայացնելու՝ դատական պարտականության վերանայումն ու դրանց վերաբերյալ դատական որոշմանն այլընտրանք հանդիսացող լուծումներ գտնելը:

«Այս քսան տարիների ձեռքբերումների շարքում կառանձնացնեմ դատական ակտերի որակական փոփոխությունները. դրանք ահռելի են: Մարտահրավերների մասին խոսելիս կանգ կառնեմ դատավորի պատասխանատվության հարցի վրա, սակայն ոչ կարգապահական վարույթի կամ պատժի իմաստով: Ցանկանում եմ խոսել այն պատասխանատվության մասին, որը ստանձնում է դատավորը պատմուճանը հանգնելիս, Հայաստանի Հանրապետության անունից որոշումներ կայացնելիս: Իմ կյանքի փուլերից մեկում պատերազմն իմ ամենօրյա իրականությունն է եղել, ես ապրել եմ զինվորական ծառայություն իրականացնող անձանց հետ՝ կողք կողքի, տեսել եմ նրանցից յուրաքանչյուրի պատասխանատվությունը: Այսօր ես հաճախ եմ զուգահեռներ անցկացնում հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունը ստանձնած սպայի ու մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը ստանձնած դատավորի միջև: Եկել եմ եզրահանգման, որ նույն պատասխանատվությունն է. մնալ հավատարիմ երդմանը, պաշտպանել մարդուն, լինել սկզբունքային, չվախենալ այդ սկզբունքայնության երբեմն ծանր հետևանքների հետ առերեսվելուց, կայացնել որոշում ու պատասխանատու լինել դրա համար, չվախենալ բարձրաձայնել խնդիրների մասին, քանի որ դրանց լուծման առաջին քայլը բարձրաձայնումն է՝ ոչ թե ժխտումն ու դրանք թաքցնելը»,- ընդգծել է նախարար Զեյնալյանը՝ կարևորելով դատական համակարգի պատրաստակամությունը խոսելու առկա խնդիրների մասին, որակյալ մասնակցություն ունենալու դատաիրավական բարեփոխումների գործընթացին: Նախարարի համոզմամբ, միայն այս ճանապարհով է հնարավոր ապահովել դատական համակարգի անցնցում, էվոլյուցիոն զարգացումը, ինքնամաքրման գործընթացն ու ոչ ցանկալի, արտաքին «վիրահատական» միջամտություններից զերծ լինելը: 

«Որպես արդարադատության նախարար՝ ես հետևողական ու պահանջախնդիր եմ դատական համակարգի զարգացման ու կայացման գործընթացի արդարության, տրամաբանվածության և մարդակենտրոնության նկատմամբ: Հետևողական ու պահանջախնդիր՝ ճիշտ այնպես, ինչպես անզիջում ու բծախնդիր եմ եղել իրավապաշտպան գործունեության ընթացքում, ստրատեգիական դատավարություններ նախաձեռնելիս ու դրանց արդյունքում հետևողականորեն, քայլ առ քայլ դատարանների կողմից ստեղծվող իրավաբանությունը զարգացնելիս»,-  ասել է Արտակ Զեյնալյանը:

Այնուհետև, նախարարն անդրադարձել է դատական վերանայման ինստիտուտին, և նշել, որ այն, որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունք, հանդիսանում է արդար դատաքննության իրավունքի երաշխավորման կարևոր բաղադրատար և իր գոյությամբ երկու խնդիր է լուծում՝ դատական սխալի ուղղում և օրենքի միատեսակ կիրառության ապահովում:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ վերաքննիչ դատարանը հետևողականորեն իրականացնում է նշված երկու գործառույթները և հանդիսանում է դատական ակտերի որակի բարոմետր:

Եզրափակելով ելույթը՝ նախարարը կրկին շնորհավորել է վերաքննիչ դատարաններին քսանամյա գործունեության առթիվ և հույս հայտնել, որ հաջորդիվ Վերաքննիչ դատարանների կողմից հաղթահարված մարտահրավերները, դրա ձեռքբերումներն ու զարգացումներն ավելի շատ են լինելու, քան այն նվաճումներն ու ձեռքբերումները, որոնք կամփոփվեն հանդիպման ընթացքում:

Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, այլք: