Նախարար Զեյնալյանը եվրոպացի գործընկերների հետ անդրադարձել է արդարադատության ոլորտի առաջնահերթություններին

13/03/2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 13-ին ընդունել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Սիրսելին, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին: 

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Նախարար Զեյնալյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշել է, որ Հայաստանի կառավարությունը մի շարք կարևոր պարտավորություններ ունի ժողովրդի առջև, որոնք բխում են Սահմանադրությունից և որոնք ջանադրաբար իրականացվելու են: «Հեղափոխությունից հետո Կառավարությունը լի է վճռականությամբ պայքարելու կոռուպցիայի դեմ, բարձրացնելու դատարանների անկախությունը, պայքարելու ընտանիքում բռնության դեմ: Այդ բոլոր ուղղությունները մեզ համար առաջնահերթություններ են, և այդ ոլորտներում բարեփոխումներն իրականացնելու ենք քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությամբ»,- վստահեցրել է Արտակ Զեյնալյանը՝ այդ համատեքստում կարևորելով Դատական և իրավական բարեփոխումների 2019-2024 թվականների ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի մշակումն ու դրա հաջող իրականացումը:

Նախարարը եվրոպացի գործընկերների հետ զրույցում անդրադարձել է նաև Կառավարության ծրագրի մեկ այլ գերակա ուղղությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդգծել, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի տեսանկյունից կարևորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:

Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընթացքին, դատական համակարգի բարեփոխումներին և այլ հարցերին: