Արդարադատության նախարարը հանդիպել է կառավարման ակադեմիայի ուսանողների հետ
21/03/2019
«Ավելի լավ է սովորել ուրիշների սխալների վրա, քան սեփական, բայց մենք այդքան ժամանակ չունենք…»: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ Ակադեմիայի ուսանողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Արտակ Զեյնալյանին ժամանակը բավարարել է բազմակողմանի կրթություն ստանալու համար. նախ բժշկի մասնագիտություն է ձեռք բերել Երևանի պետական բժշկական համալսարանում, ապա՝ առողջապահության կազմակերպչի, այնուհետև ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ պետական ծառայողի որակավորում: Ի վերջո, ստացել է նաև իրավագիտական կրթություն և հետագայում ակտիվ գործունեություն ծավալել այդ ուղղությամբ: Ի դեպ, Ակադեմիայում ուսանելիս տեսական գիտելիքները հաջողությամբ համատեղում էր գործնականի հետ, քանի որ այդ ընթացքում արդեն պաշտոն էր զբաղեցնում պետական կառավարման համակարգում՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալն էր:
«Իմ կենսագրության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Կառավարման ակադեմիան: Այստեղ ես ոչ միայն սովորել եմ, այլև ձեռք եմ բերել իմ առաջին դասախոսական փորձը»,- հանդիպման ժամանակ ասաց Արդարադատության նախարարը: Նա սիրով համաձայնեց պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին՝ նախապես խոստովանելով, որ հարցերին պատասխանելու է ոչ միայն մասնագիտական և գիտական տեսանկյունից, այլև պետական պաշտոնյայի, քանի որ նախարարի հայտնած դիրքորոշումն ընկալվում է որպես կառավարության դիրքորոշում: Հետևաբար իր պատասխանները դիվանագիտական են լինելու:
Նման պատասխան տվեց ՀՀ կառավարության նոր կառուցվածքի մասին հարցին՝ նշելով, որ կառավարության ներկա կառուցվածքը այս պահի քաղաքական կամքի դրսևորում է: Թե որքանով արդյունավետ կլինի այն, կերևա ավելի ուշ:
«Ամեն ինչ չէ, որ կանխատեսելի է, և կյանքը նաև դրանով է հետաքրքիր»,- ասաց նախարարը:
Արտակ Զեյնալյանին հարցեր ուղղվեցին նաև անցումային արդարադատության, կառավարման խորհրդարանական ձևից կիսանախագահականին վերադառնալու հնարավորության, դատական համակարգի կայացածության, այդ համակարգի հանդեպ վստահության բարձրացման, դատապարտյալների կրթության հնարավորության, դատական սխալների ինստիտուտի, Հայաստանում ընտրովի արդարադատություն լինել-չլինելու վերաբերյալ: Պատասխանելով հարցերին՝ նախարարը միաժամանակ որոշակի գիտելիքներ և ուղերձներ էր փոխանցում ակադեմիականներին:
«21-րդ դարը «անգրագետների» դար է, քանի որ գիտելիքների առատության մեջ մեզնից յուրաքանչյուրի ունեցած գիտելիքի չափը չափազանց փոքր է: Ուստի մի՛ վախեցեք սխալվելուց: Դրանով դուք հիմք եք ստեղծում նոր գիտելիքի համար»:
«Հայաստանում 2018-ին կատարված հեղափոխությունը բացառիկ է նրանով, որ տեղի է ունեցել առանց Սահմանադրության խախտման, և այն իրականացրել է Հայաստանի ժողովուրդը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի դրա արդյունքների համար և ակտիվիստը լինի այս փուլում իրականացվող տնտեսական հեղափոխության»:
«Հնարավո՞ր է արդյոք վերադարձ կառավարման կիսանախագահական համակարգին: Դա իշխանությունների քաղաքական կամքի հարց է, սակայն կառավարման համակարգի հաճախակի փոփոխությունը չի խրախուսվում: Դա կարող է ցնցումներ առաջացնել»:
«Վստահությունը դատական իշխանության հանդեպ կարևոր արժեք է. եթե այն մշտապես չես սնուցում, սկսում է մարել»:
«Դատապարտյալների կրթության իրավունքի իրացման ուղղությամբ բարեփոխումներն ընթացքի մեջ են: Ընդհանրապես, աշխատում ենք պատժողական արդարադատությունից անցում կատարել վերականգնողական արդարադատության»:
ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը շնորհակալություն հայտնեց Արդարադատության նախարարին՝ իր բազմազբաղ առօրյայից ակադեմիականներին ժամանակ հատկացնելու համար և նրանց հանձնեց Ակադեմիայի խորհրդանիշ հուշանվերը: Արտակ Զեյնալյանը խոստացավ, որ այն միշտ իր հետ կլինի և կհամալրի իր ընտանեկան «գանձարանը», որտեղ և պահվում է ՀՀ ՊԿ ակադեմիայում իր առաջին դասախոսական աշխատավարձով ձեռք բերված հուշանվերը:
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիա