Արդարադատության նախարարը եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

26/03/2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների ղեկավար Քրիստոֆ Պուարելին և քննարկել դատաիրավական ոլորտին առնչվող մի շարք հարցեր:Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են օրենսդրական կարևոր նախաձեռնությունների ընթացքին, մասնավորապես՝ մի շարք նոր ռազմավարությունների նախագծերի մշակման աշխատանքներին, «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի գործարկմանը և այլն:
Անդրադառնալով Հայաստանում դատական արդյունավետ համակարգ ունենալու խնդրին՝ Արտակ Զեյնալյանը ներկայացրել է երեք անգամ ավելի քիչ դատավոր ունենալու փաստը, քան անհրաժեշտ է արդյունավետ կառավարման համար: «Եթե Եվրոպայում 21 դատավոր է 100 հազար բնակչի համար, ապա Հայաստանում՝ 7 է: Դատավորներին տրվող սոցիալական երաշխքիների տեսանկյունից Հայաստանի դիրքերը ևս մտահոգիչ են»,- նշել է նախարարը և ամրապնդված համագործակցության շարունակականության պատրաստակամություն հայտնել:
Քրիստոֆ Պուարելը շնորհակալություն է հայտնել նախարար Զեյնալյանին ոլորտի խնդիրները բարձրաձայնելու համար և ԵԽ աջակցությունը հայտնել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին: