Փոխնախարար Խաչիկյան. «Կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու միակ ճանապարհը հակակոռուպցիոն կրթությունն է»

19/04/2019

«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովին ամփոփիչ ելույթով է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Իրավաբանների հայկական ասոցիացիային և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային համաժողովն արդյունավետ կազմակերպելու, իսկ մասնակիցներին՝ հնչեցված կարծիքների, գնահատականների, դատողությունների  և մտավախությունների համար:

Տիգրան Խաչիկյանի համոզմամբ, դրանք բավական  կարևոր են: «Կարևոր են երկու իմաստով: Առաջինը՝ հնարավորություն են տալիս մեկտեղ, ամրագրել ու նյութականացնել  բոլոր այն դրական, առերևույթ հիմնավորված և համապատասխան հեռանկար ունեցող առաջարկները մեկ հարթակում, և երկրորդը՝ դիրքորոշումների, արված հայտարարությունների և նկատառումների հաշվառմամբ, թույլ կտա մշակել հնարավորինս արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարություն»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ներկայում գտնվում ենք մեր երկրի համար պատասխանատու ժամանակահատվածում, որի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է հետևողական՝ բոլոր գործիքների կիրառմամբ: Նա տեղեկացրել է. որ այս  ընթացքում Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հայեցակարգի վերաբերյալ ստացել է մի քանի հարյուր դիտարկում և առաջարկություն՝ վստահեցնելով, որ ստացված առաջարկություններից յուրաքանչյուրը արժանացել և արժանանալու է գնահատման դրա բովանդակային հիմնավորվածության, նպատակահարմարության, գործող օրենսդրության և ՀՀ Սահմանադրության համապատասխանելիության համատեքստում:

Համաժողովի ավարտին փոխնախարար Խաչիկյանը հավելել է, որ հակակոռուպցիոն  կրթությունն է միակ ճանապարհը, որը հասարակության շրջանում կարող է ձևավորել կոռուպցիայի նկատմամբ կայուն  անհանդուրժողականության մթնոլորտ: