Աննա Վարդապետյանն ընդունել է Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը

25/04/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Հանդիպման ընթացքում փոխնախարարը ԵԽ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակվող Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունն ունի հստակ վերջնաժամկետներ նախագծերը Խորհրդարան ներկայացնելու համար:

Միխայիլ Լոբովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել վերոնշյալ օրենքների նախագծերի մշակման աշխատանքները:

Փոխնախարար Վարդապետյանը գործընկերների հետ քննարկել է նաև Վարչական իրավախախտումների և Քրեակատարողական օրենսգրքերի նախագծերի մշակման գործընթացը՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարությունը կարևորում է այս չորս նախագծերի միաժամանակյա մշակումն ու ընդունումը, որպեսզի բացառվեն հակասություններն ու համընկնումները տարբեր օրենսգրքերի նախագծերում առկա իրավակարգավորումներում:

Կողմերը քննարկել են նաև նախագծերի մշակման աշխատանքներին ԵԽ աջակցության ձևաչափերը՝  փորձագետների ներգրավման, միջխմբային քննարկումների կազմակերպման, հանրային քննարկումների և Խորհրդարանում աշխատանքային խմբերի մասնակցությամբ քննարկումների կազմակերպման հարցերում:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության պատրաստակամությունը: