Մեկնարկել է «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլը
25/04/2019
Արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանի և Արտակ Ասատրյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է ԵՄ/ԵԽ համագործակցությամբ իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովը, ԵՄ Հայաստանյան պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան և ՀՀ ԱԳՆ ԳԼԿ ազգային համակարգող Տիգրան Սամվելյանը:
Միջոցառման ընթացքում տրվել է նաև «Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում» ծրագրի մեկնարկը:
Փոխնախարար Քոչարյանն իր խոսքում նշել է, որ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագիրն այն արդյունավետ գործիքն է, որն ուղղված է մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու կարողությունների հզորացմանը` դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության չափանիշներին: Ծրագրի իրականացումը դիտարկելով ավելի լայն ենթատեքստում՝ Հայաստանի զարգացման և պատմական արմատական վերափոխումների լույսի ներքո, նախարարի տեղակալն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության, մյուս միջազգային գործընկերների օժանդակությունը նպաստեցին Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության գաղափարների հաստատմանը, այն գաղափարների, որոնք հաղթեցին անցած տարվա ժողովրդական թավշյա հեղափոխության ընթացքում:
Ամփոփելով առաջին փուլի արդյունքները Վիգեն Քոչարյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման ընթացքում արդարադատության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին քրեակատարողական հիմնարկներում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին, վատ վերաբերմունքի ու անպատժելիության դեմ, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներին:
Միխայիլ Լոբովն իր խոսքում նշել է, որ ծրագրի նպատակներից մեկը 47 անդամ պետությունների իրավական դաշտերի ներդաշնակեցումն է՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը:
Որպես լավ օրինակ՝ Լոբովն ընդգծել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը լավագուններից մեկն է ԵՄ տարածքում: Իսկ որպես ծրագրի առաջին փուլի արդյունք՝ Միխայիլ Լոբովն արձանագրել է Քաղաքացիական դատավարության և Ընտրական օրենսգրքերի ընդունումը և հույս հայտնել, որ մեկնարկող երկրորդ փուլի արդյունքներն առավել տպավորիչ կլինեն:
Նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԵԽ/ԵՄ համագործակցության համար և նշել, որ քրեական արդարադատության օրենսդրության մշակման ողջ գործընթացն ուղեկցվել է ԵԽ սերտ աջակցությամբ: Փոխնախարար Ասատրյանը նշել է նաև, որ Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքերի նախագծերի մշակման աշխատանքային խմբերի հետ հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարության կողմից տրվել է հստակ ուղերձ՝ նախագծերի մշակման գործընթացն ավարտին հասցնելու քաղաքական կամքի առկայության մասին, ինչը կարագացնի դրանց ընթացքն ու քաղաքական քննարկումներ ծավալելու գործընթացը:
Հաջորդիվ, շարունակվել են ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի շուրջ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների ելույթներն ու քննարկումները: