Փոխնախարար Խաչիկյանը մասնակցել է hակակոռուպցիոն քաղաքականության կլոր սեղան-քննարկմանը

02/05/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության թեմայով կլոր սեղան-քննարկում: Այն կազմակերպվել էր Բազմակուսակցական ժողովրդավարության համար Արևելյան Եվրոպայի կենտրոնի և Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի հետ համատեղ:

Փոխնախարար Խաչիկյանը ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով, որ միջոցառման գաղափարական հենքը համահունչ է նաև Կառավարության նպատակադրումներին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Տիգրան Խաչիկյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության ծրագրում արտացոլված է որպես ուղենիշ և ներառում է երեք հիմնական բաղադրատարրեր՝ հանրային ծառայողների գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարման ոլորտի առաջանցիկ զարգացում և տնտեսական գործունեության թափանցիկություն: Փոխնախարարը նշել է նաև, որ այդ համատեքստում Արդարադատության նախարարությունն ակտիվորեն համագործակցում է քաղհասարակության և պետական այլ մարմինների հետ՝ առաջիկա տարիների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող միջոցառումների որակյալ ծրագիր ներկայացնելու համար:

Խաչիկյանի խոսքով, կայացած համոզմունք է, որ նման միջոցառումները առկա տեսակետները մեկտեղելու արդյունավետ հարթակներ են: «Համոզված եմ, որ քննարկմանը հնչող տեսակետներն իրենց բնույթով լինելու են բազմազան և վերաբերելու են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում դրսևորվող կոռուպցիայի դեմ պայքարին»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը վստահեցրել է, որ Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու քննարկման ընթացքում հնչեցվող արդյունավետ առաջարկների կիրառականությունն ապահովելու հարցում: