Իրավաբանական համայնքը քննարկել է Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր
06/05/2019
Մայիսի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործման նպատակով երկօրյա քննարկում: Այն կազմակերպել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, Վերաքննիչ վարչական և Վարչական դատարանների դատավորներ, Ֆինանսների նախարարության, Դատախազության, Դատական դեպարտամենտի, ինչպես նաև միջազգային կառույցների՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և GIZ-ի ներկայացուցիչներ, փաստաբաններ, Հիմնադրամի փորձագետներ, քաղացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալը, ողջունելով քննարկման մասնակիցներին, անդրադարձել է Նախարարության առաջնահերթություններին՝ նշելով, որ վարչական արդարադատության բարեփոխումները օրակարգի կարևորագույն հարցերից են: Արտակ Ասատրյանը հույս է հայտնել, որ ներկաները, իրենց փորձառությունից ելնելով, կարևոր առաջարկներ ու դիտարկումներ կներկայացնեն ամենօրյա աշխատանքում ի հայտ եկող թերությունները շտկելու նպատակով: «Ինչ վերաբերում է ոլորտի հետագա բարեփոխումներին, որպես ուղեցույց, վերցնելու ենք Բարձրագույն դատական խորհրդի մշակած «ՀՀ-ում արդարադատության արդյունավետության համալիր բարեփոխումների» հայեցակարգը, ինչպես նաև այս քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքներն ու առաջարկները»,- նշել է նախարարի առաջին տեղակալը՝ ներկաներին մաղթելով արդյունավետ քննարկում:
ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և նշել, որ վերջին ժամանակահատվածում ակնհայտ է, որ Արդարադատության նախարարությունն ու Հիմնադրամը որևէ նախագծի շուրջ ստացած առաջարկը, կարծիքն ու դիրքորոշումը ոչ թե քննարկում են քննարկելու համար, այլ դրանց հստակ ընթացք են տալիս: Գևորգ Դանիելյանը տեղեկացրել է, որ Վարչական դատավարության օրենսգրքի գործող դրույթների վերաբերյալ ԲԴԽ-ի կողմից Նախարարություն են ուղարկվել 50 էջը գերազանցող եզրակացություն՝ հայեցակարգային դրույթների վերաբերյալ:
Տիգրան Մարկոսյանի խոսքով, այլևս սահմանադրական մակարդակով հրամայական է բոլոր հիմնարար իրավունքների առնչությամբ օրենքի մակարդակով ամրագրել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր: «Այս առումով, վարչական արդարադատության ոլորտը չպետք է բացառություն լինի, քանի որ ոլորտում առկա խնդիրները խոչընդոտում են մեր նպատակներին հասնելուն»,- նշել է Տիգրան Մարկոսյանը՝ ընդգծելով, որ նման ձևաչափով քննարկումը բացառիկ է, քանի որ քննարկվում է ոչ թե մշակած նախագիծը, այլ մասնագիտական շրջանակը նախագծում է նախագիծը:
Երկօրյա հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Վարչական դատավարության օրենսգրքի ընդհանուր դրույթներին, դատարանում գործի քննության ու լուծման ընթացակարգերին և այլ հարցերին:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի գնահատմամբ, հանդիպումն արդյունավետ էր, քանի որ վեր հանվեցին պրակտիկ գործունեության ընթացքում առաջացած խնդիրներ, որոնց սպասվող նախագծում լուծում կտրվեն: