Փոխնախարար Խաչիկյանն ընդունել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ամերիկյան փորձին ծանոթացած խմբի անդամներին
07/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 6-ին ընդունել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության քրեական արդարադատության շուրջ գործակցության և գործընկերության ծրագրին մասնակցած խմբի անդամներին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այլընտրանքային խափանման միջոցների ներդրման և զարգացման հնարավորություններին, ինչպես նաև առաջիկա համագործակցության ձևաչափին առնչվող մի շարք հարցերի:
Փոխնախարար Խաչիկյանը գործընկերներին տեղեկացրել է, որ առաջիկայում նախանշված է Պրոբացիայի մասին օրենքի փոփոխությունների նախագծի ամփոփումը, որի շրջանակում պատրաստակամություն է հայտնել քննարկել խմբի անդամների ներկայացրած առաջարկները: Միևնույն ժամանակ, Տիգրան Խաչիկյանը կարևորել է, որ այլընտրանքային խափանման միջոցներին առնչվող լուծումները կրեն համալիր բնույթ՝ իրենց արտացոլումը գտնելով և´ քրեակատարողական, և´ քրեադատավարական ոլորտներում:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ աշխատանքային քննարկումն առավել ընդլայնված կազմով անցկացնելու վերաբերյալ, որի ժամանակ կանդրադառնան նաև աշխատանքային խմբի առաջարկների համատեքստում ֆինանսական հետևանքներ առաջացնող և այդպիսի հետևանքներ չառաջացնող լուծումների տարանջատմանը: