Քննարկվել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հետ դատաիրավական բարեփոխումների շրջանակում համագործակցության հնարավորությունները
13/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալներ Տիգրան Խաչիկյանն ու Աննա Վարդապետյանն այսօր ընդունել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLI) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հասմիկ Հակոբյանին և ծրագրերի համակարգող Ալինա Յարմալոյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նախարարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հստակեցվել են դատաիրավական բարեփոխումների շրջանակում Արդարադատության նախարարության առաջնահերթությունները և համագործակցության ձևաչափերը, որի համատեքստում ուրվագծվել է նաև նախատեսվող ծրագրի գործողությունների որոշակի պլան: Այն ներառելու է փաստաբանության, դատական իշխանության ոլորտում տեղացի և միջազգային փորձագետների ներգրավմամբ միջոցառումների իրականացում՝ հիմքում որպես ուղենիշ ունենալով դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: