Գործարկվել է կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը

21/05/2019

Երևանում այսօր ներկայացվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը՝ www.azdararir.am-ը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը,  Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ինչպես նաև պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Սուրեն Քրմոյանը միջոցառման մասնակիցներին ընթերցել է փոխվարչապետի ողջույնի խոսքը՝ նշելով, որ հարթակի գործարկումը կարևոր քայլ է՝ ուղղված Կառավարության ծրագրային նպատակներին հասնելուն: «Թավշյա հեղափոխությունն արմատախիլ արեց համակարգային կոռուպցիան, և այսօր Կառավարության առջև դրված է նոր խնդիր՝ ստեղծելու այնպիսի ինստիտուտներ և ձևավորել քաղաքացիական այնպիսի գիտակցություն, որը կկանխարգելի կոռուպցիոն ցանկացած դրսևորում: Հետևապես, Կառավարության գործողություններն ուղղվելու են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները, ինստիտուցիոնալ համակարգը ամրապնդելուն և կոռուպցիայի դեմ պայքարող մարմիններին պատշաճ գործիքակազմով ապահովելուն»,- մեջբերել է փոխվարչապետի խորհրդականը՝ հավելելով, որ այդ ճանապարհին կարևորվում է ժամանակակից և նորարական տեխնոլոգիաների կիրառումը: 

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին միջոցառմանը մասնակցելու և իրենց ներկայությամբ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման պատասխանատու հարցում ներդրում ունենալու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Համաշխարհային բանկին և Միացյալ Թագավորության դեսպանատանը՝ միջոցառումն իրականություն դարձնելու համար:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավորությունը և անդառնալի ազդեցությունը օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա՝ հավելելով, որ բոլորը գործնականում ականատես են եղել կոռուպցիայի բացասական ազդեցության հետևանքներին:

«Կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված ճանապարհով տանելու նպատակով կարևորվում է ռազմավարական և ինստիտուցիոնալ քայլերի զուգակցումը: Այդ համատեքստում շատ եմ կարևորում ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գործարկումը»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ հարթակի միջոցով անձը հնարավորություն ունի անանուն եղանակով ներկայացնել հանցագործության մասին հաղորդում, ինչը հնարավորություն կտա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը որակական նոր փուլ տեղափոխել:

Նախարարը վստահեցրել է, որ Կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, երաշխավորելու է անձի անանունությունը նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (IP) ծածկագրելու միջոցով, իսկ հաղորդման բովանդակության գնահատման և ստուգման երաշխավորը Գլխավոր դատախազությունն է լինելու:

Ավարտելով խոսքը՝ արդարադատության նախարարն ակնկալել է բոլորի ակտիվ մասնակցությունը՝ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն դրսևորելու առումով:

Ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանն անդրադարձել է հարթակի վերաբերյալ  Դատախազության գործառույթներին և լիազորություններին՝ նշելով, որ www.azdararir.am հարթակի գործարկումը չափազանց կարևոր քայլ է կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգային հիմքերի ապահովման և կոռուպցիոն երևույթների կանխարգելման համար:

ՀԲ ներկայացուցիչ Սիլվի Բոսութղոն ևս կարևորել է հարթակի գործարկումը և նշել, որ Հայաստանը թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո մեծ հաջողություն է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: «Այս հարթակը լիարժեքորեն հասանելի է լինելու հանրությանը. այն հաշվառելու է կոռուպցիոն հնարավոր հանցագործությունների հաղորդումները և փոխանցելու է համապատասխան մարմնին՝ հիմքերի առկայության դեպքում դրանց ընթացք տալու համար»,- նշել է Սիլվի Բոսութղոն:

Միջոցառման ընթացքում ԱՆ ներկայացուցիչ Արփի Սարգսյանը ներկայացրել է էլեկտրոնային հարթակից օգտվելու հնարավորությունները, այնուհետև ցուցադրվել են ազդարարման համակարգի և ազդարարի պաշտպանության երաշխիքների վերաբերյալ իրազեկման հոլովակները: