Տիգրան Խաչիկյանն ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի միջազգային փորձագետ Մեթյու Մյուրեյին
22/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 21-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Անցումային նախաձեռնությունների գրասենյակի հրավերով Հայաստանում գտնվող հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի միջազգային փորձագետ Մեթյու Մյուրեյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր:
Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Խաչիկյանը ներկայացրել է Նախարարության մշակած հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագծի ամփոփ նկարագիրը:
Մեթյու Մյուրեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ իր առաքելությունն է օգնել ամերիկյան կառավարությանն իրականացնելու գնահատում՝ Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ ծրագրի մշակմանն օժանդակելու համար:
Միջազգային փորձագետն արձանագրել է նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարը համաշխարհային խնդիր է և կարևորել է միջազգային համագործակցությունն անդրազգային կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարում: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև գողացված ակտիվների բացահայտման և առգրավման մեխանիզմներին:
Տիգրան Խաչիկյանը հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքների համատեքստում կարևորել է նման բովանդակային հանդիպումը՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարության կողմից մշակված ռազմավարական ծրագիրը բազմաոլորտային է և ներառում է 70-ից ավել միջոցառումներ: Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում հակակոռուպցիոն ռազմավորության նախագիծը ներկայացվելու է հանրային քննարկման, որի շրջանակում գույքագրվելու են բոլոր արդյունավետ առաջարկները:
Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են փոխադարձ հետաքրքրվածություն հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ ռազմավարության ներդրման հարցում և առաջիկայում սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել: