Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

27/05/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի  պատվիրակությանը՝ Էվա Միլիսի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել օրակարգային երեք հիմնական հարցերի՝ արդարադատության տարածաշրջանային հարցմանը, արդարադատության ոլորտի ուսումնասիրությանը  և «Զարգացման քաղաքականության գործառնություն» վարկային ծրագրին:

Փոխնախարարը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը ներկայում մշակում է առաջիկա երեք տարիների Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որն առաջիկայում ներկայացվելու է հանրային քննարկման:

Քննարկման օրակարգային հարցերի շրջանակում Էվա Միլիսը տեղեկացրել է, որ համագործակցության ձևաչափով նախատեսում են անդրադառնալ արդարադատության համակարգի կառավարման, մարդկային ռեսուրսների, ենթակառուցվածքի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ընդհանուր համակարգի կատարողականի գնահատման խնդիրների ուսումնասիրմանը:

Փոխնախարար Խաչիկյանի հետ համաձայնեցվել են հետագա համագործակցության առաջնահերթություններն՝ ըստ ժամանակահատվածների, և նախատեսվող ուսումնասիրությունների ներառականության շրջանակները:

Հանդիպման ավարտին Տիգրան Խաչիկյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության կողմից սերտ համագործակցության հանձնառությունը՝ նպատակ ունենալով ապահովել դատաիրավական բարեփոխումների շարունակականությունը: