Անցումային արդարադատության և վեթինգի հետ կապված առանձին օրենքների ընդունումը արդյունավետ չէ. արդարադատության փոխնախարար
13/06/2019
ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի կարծիքով՝ անցումային արդարադատության և վեթինգի հետ կապված առանձին դեկլարատիվ օրենքների ընդունումը արդյունավետ չեն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ սա համակարգային փոփոխությունների փաթեթ պետք է լինի և անցումային արդարադատության մասին առանձին օրենք չպետք է լինի. «Անցումային արդարադատությունը գործիքակազմ է և ոչ թե գործընթաց: Նույն կերպ վեթինգի մասին առանձին օրենքն արդյունավետ լինել չի կարող»:
Հարցին՝ այս գործընթացների արդյունքում հնարավո՞ր է Սահմանադրական փոփոխություններ լինեն, Վարդապետյանն ասաց. «Եթե երկարաժամկետ գործողությունների ծրագրում սահմանադրական բարեփոփոխումների անհրաժեշտություն լինի, շեշտում եմ երկարաժամկետ, որովհետև սահմանադրական բարեփոխումների գործընթացը առնվազն 1-1,5 տարի է տևում, գուցե սահմանադրական փոփոխություններ կլինեն: Բայց ինչ վերաբերում է վեթինգի գործընթացին, ապա դա բացառապես գործող Սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակում է լինելու: Որևէ այլ արտագործընթաց չի լինելու: Փաթեթը կարող է տարբեր անուն ունենալ՝ բարեվարքության գնահատում, վեթինգ՝ նայած ինչ տերմինաբանություն կընտրի կառավարությունը, բայց դա բովանդակային մասով բան չի փոխում»:
Հարցին՝ կարող ենք ասել, որ արդարադատության նախարարը հրաժարական տվեց, որովհետև այդ վեթինգի նախագծի վրա թերի էր աշխատում, փոխնախարարն ասաց՝ ոչ, նման բան չենք կարող ասել:
Սկզբնաղբյուրը՝ այստեղ: