Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵԽ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին
18/06/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հունիսի 17-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:
Վիգեն Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և կարևորել արմատական բարեփոխումների այս փուլում ԵԽ գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Փոխնախարար Քոչարյանն ընդգծել է նաև համագործակցության երկարատև ու հաջողված փորձը ԵԽ-ի հետ՝ որպես հետագա արդյունավետ գործունեության հիմնաքար:
Արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ներկայում Կառավարությունն իրականացնում է Դատաիրավական բարեփոխումների, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության, ինչպես նաև Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանցից բխող գործողությունների ծրագրերի մշակման համալիր աշխատանքներ, որոնք կանխորոշելու են առաջիկա տարիների գործունեության առաջնահերթությունները նախանշված ոլորտներում: Վ.Քոչարյանը հատուկ կարևորել է դատաիրավական բարեփոխումներ կատարելու օբյեկտիվ անհրաժեշտությունը, դատական համակարգի անկախության և հանրային վստահության ապահովման հրամայականը:
Գաբրիելա Բատաինի-Դրագոնին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Արդարադատության նախարարությունը կարևոր գործընկեր է ԵԽ համար նախանշվող բարեփոխումների իրականացման ճանապարհին: Ներկայացնելով դատաիրավական բարեփոխումների շրջանակում համագործակցության գործողությունների ծրագիրը՝ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին ընդգծել է նաև, որ դատաիրավական բարեփոխումների աջակցության շրջանակում ԵԽ կողմից արդեն իսկ երաշխավորված է զգալի ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև հայտնել է ԵԽ պատրաստակամությունը՝ ամբողջ ծավալով աջակցություն ապահովելու հարցում:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Վիգեն Քոչարյանը գործընկերներին վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է նախաձեռնվող բարեփոխումների ընթացքում հենվել Եվրոպայի Խորհրդի չափորոշիչների և փորձագիտական ներուժի վրա: