Արտակ Ասատրյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

21/06/2019

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն այսօր ընդունել է  Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Իսամ Ամինիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև իրավական համագործակցության, դատապարտյալների արտահանձնման ընթացակարգերին, ինչպես նաև հանցագործությունների կանխման նպատակով իրավական իրազեկման մատչելիության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:

Արտակ Ասատրյանը ողջունել է բարեկամ երկրի պատվիրակությանը և ընդգծել, որ փաստաբանության ոլորտի բարեփոխումներն Արդարադատության նախարարության առաջնահերթություններում իր կայուն տեղն ունեն: 

Փոխնախարար Ասատրյանը վստահություն է հայտնել, որ նման համագործակցային հանդիպումները հնարավորություն կընձեռեն երկու երկրների միջև իրավական համագործակցության նոր գաղափարների կենտրոնացման համար:

Իսամ Ամինին ողջունել ու շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուրախ է փաստելու, որ Փաստաբանների պալատը Հայաստանում իրապես ազատ և անկախ մարմին է: Ամինին հավելել է, որ պատվիրակության Հայաստան կատարած այցի նպատակը ոչ միայն երկու երկրների Փաստաբանների պալատների միջև փորձի փոխանակումն է, այլ նաև ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ դատախազության համակարգերի գործունեությանը ծանոթանալը:

Անդրադառնալով Հայաստանում դատապարտված Իրանի քաղաքացիներին՝ Արտակ Ասատրյանը վստահեցրել է, որ դատապարտյալների փոխանցման և պատժի կրումը դատապարտյալի երկրում ապահովելու գործընթացը մշտապես գտնվում է Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, միաժամանակ հավելելով, որ հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում գտնվող իրանցիների համար պատշաճ պահպանվում է նաև նրանց կրոնադավանաբանական իրավունքների իրացումը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության միջոցով ծագող իրավական խնդիրներին համապատասխան լուծումներ գտնելու պատրաստակամությունը: